Նորություններ
Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը մարզպետին հյուր
11.03.2014
Մարտի 11-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին տիկնոջ հետ: Ողջունելով դեսպանին մարզպետը ներկայացրեց Շիրակի մարզը`հնարավորությունները, անցյալն ու առկա հիմնախնդիրները: Մարզպետը նշեց, որ մինչ 88-ի աղետը, մարզը, մասնավորապես Գյումրի քաղաքը եղել է արդյունաբերական կենտրոն: <Նախկին հզորություններից գրեթե ոչինչ չի մնացել, հիմա այդ բնագավառում բազմաթիվ խնդիրներ են առկա, ներկայումս Շիրակն ավելի շուտ գյուղատնտեսական ուղղվածություն ունի>, - ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակի մարզպետն առանձնացրեց մարզին հուզող մի քանի խնդիրենր` գործազրկություն, անօթևանություն, որոնք ամենացավոտ հարցերն են: <Մարզում անցած երկու տասնամյակներում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, բայց բնականաբար անելիքներ դեռ կան, քանի տնակներում բնակվող անօթևաններ կան Շիրակում, մենք անելիքներ ունենք>,-ասաց պարոն Ցոլակյանը:
Այնուհետև անդրադառնալով երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերին, Ֆելիքս Ցոլակյանն ու Էրիկաս Պետրիկասը հույս հայտնեցին, որ դրանք առավել կխորանան երկու կողմերի ջանքերի շնորհիվ: < Հայաստանում գտնվելու առաջին օրերից զգում եմ մարդկանց բարի վերաբերմունքը, եւ դա, իհարկե, շատ հաճելի է: Առանձնահատուկ հաճելի է, որ հայերը շատ լավ ծանոթ են իմ երկրին: Ես հավատացած եմ, որ եթե ցանկություն լինի Հայաստանից ու Լիտվայից քիչ գործարարներ չեն լինի, որ գործակցելու և փոխշահավետ համագործակցության ցանկություն հայտնեն>,-հավելեց Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Ֆելիքս Ցոլակյանն էլ հավաստիացրեց, որ իր կողմից կանի ամեն ինչ մարզային մակարդակով համագործակցության, տնտեսական կապերի ամրապնդման և գործարար մթնոլորտի ստեղծման համար: Դեսպանը վստահեցրեց, որ իր աշխատանքի գլխավոր ուղղվածությունը երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելն է: