Նորություններ
Մարզպետի հանդիպումը գործարար աշակերտների հետ
14.03.2014
Մարտի 14-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հյուրերն էին Գյումրու թիվ 45 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ տնօրեն Աստղիկ Վարդանյանի գլխավորությամբ: Երեխաները օրեր առաջ դիմել էին Շիրակի մարզպետի հետ հանդիպման՝ իրենց գործունեության մասին տեղեկացնելու համար խնդրանքով: Հանդիպումը չուշացավ, և երեխաները ոգևորված մարզի ղեկավարի հետ հանդիպումից ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, խոսեցին իրենց առաջիկա իրականացվելիք ծրագրերից: Շիրակի մարզպետը ողջունեց երեխաների նախ արդեն իրականացրած ծրագրերը, ապա ավագի իրավունքով մի քանի խորհուրդներ տվեց նախատեսվող առաջիկա ծրագրերի իրականացման համար: Կարևորելով երեխաների կայացման գործընթացում իրականացվող այդ բազմաբնույթ ծրագրերը, Ֆելիքս Ցոլակյանը հորդորեց երեխաներին դոնորների որոնման հարցում չսահմանափակվել տեղի բարեկամ հարևան շրջապատով, ընդլայնվել, դուրս գալ արտերկիր, այնտեղ փնտրել իրենց ծանոթ, հարևան բարեկամներին: Ինչ վերաբերվում է մարզպետի և մարզպետարանի կողմից ակնկալվող աջակցությանը, այն կլինի, բայց միայն վերջում, երբ ձեր կողմից իրականացվող ծրագիրն աջակցման փուլում է, - նշեց պարոն Ցոլակյանը: Հանդիպման ավարտին երեխաների խնդրանքով միասին նկարվելուց հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ անգամ հանդիպել, արդեն նոր ծրագրի իրականացման հարցերի հետ կապված:
Ստորև ներկայացնում ենք Գյումրու թիվ 45 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների կողմից հիմնված <Լույս>-ը` որպես աշակերտական գործարար ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվությունը:
<Ձեռնարկատիրություն և քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի աշակերտների համար>` ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և <Պատանեկան նվաճումներ>-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 2013թ-ի սեպտեմբերի 3-ին, Գյումրու թիվ 45 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների կողմից հիմնվել է <Լույս>-ը` որպես աշակերտական գործարար ընկերություն:
Ընտրվել են ընկերության նախագահ և 4 փոխնախագահներ:
Ստեղծվել է ԲԲԸ, թողարկվել և վաճառվել են բաժնետոմսեր:
ՈՒնեցել ենք արտադրություն`մանկական գործված կոշիկներ:
Մեր արտադրանքը հաղթել է քվեարկությամբ և Շիրակի մարզի 9-ը դպրոցներից 3-ի հետ 2013թ-ի հոկտեմբերի 19-ին մասնակցել է Երևանի Հյուսիսային պողոտայում անցկացված տոնավաճառին:
Մասնակցել ենք նաև Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում անցակցված տոնավաճառին: Երկու տոնավաճառների արդյունքում գործարար ընկերությունը ունեցել է մոտ քսանմեկ հազար դրամի շահույթ, որը գործարար ընկերության անդամների որոշմամբ պետք է տրամադրվի ԿՍՊ-ի:
Դեկտեմբերի 20-ին կազմակերպել և անցկացրել ենք բարեգործական ակցիա ` <Հաղթահարենք աղքատությունը միասին> խորագրով: Գործարար ընկերության անդամների ջանքերով օգնություն է ցուցաբերվել խիստ անապահով մի ընտանիքի՝ սննդի և հագուստի տեսքով:
2014թ-ի հունվարի 20-ից <Լույս> գործարար ընկերությունը լուծարվել է՝ վերածվելով <Լույս> աշակերտական հասարակական կազմակերպության:
ԱՀԿ-ն իր առջև դրել է նպատակ՝ լուծել որևէ համայնքային հիմնախնդիր , ինչը չի կարողանա առանց դոնորների: