Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բանակը մեր տունն է

16.03.2014

 

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունն աննախադեպ անակնկալ մատուցեց Շիրակի մարզից զորակոչված ԼՂՀ պաշտպանության բանակի լավագույն զինծառայողների և նրանց ծնողների համար կազմակերպելով հանդիպում Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Օրեր առաջ մարզի թվով 127 զինծառայողների ծնողների տեղեկացվեց, որ մարտի 16-ին ծնողները հանդիպելու են իրենզ որդիների հետ: Առավոտից արդեն մարդաշատ էր Գյումրու Թատերական հրապարակը: Մարզի տարբեր համայնքներից Գյումրի ժամանած ծնողներն անհամբերությամբ սպասում էին զինծառայողներին: Դժվար է նկարագրել թե ինչ կատարվեց ավտոբուսների ժամանումից հետո, բայց այն անչափ հուզական ու հաճելի տեսարան էր: Զինծառայողների հետ ժամանեցին նաև ԼՂՀ Պաշտպանության նախարար պարոն Մովսես Հակոբյանը, գեներալներ, բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք, ովքեր Շիրակի մարզպետի, մարզպետի տեղակալների, Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ տեղ զբաղեցրեցին դահլիճում: Ողջույնի խոսքից հետո ելույթի համար ձայնը տրվեց ԼՂՀ ՊՆ, ՊԲՀ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: Պարոն Հակոբյանի ելույթը՝ ,,Հայոց պետության սահմանը սկսվում է խրամատից,, ուղղված էր Հայոց բանակի կազմավորման, նրա ակունքներում կանգնած հայորդիների անցած փառավոր մարտական ուղու և այսօրվա այն քաջ հայորդու, ով իր գերազանց ծառայության համար արժանացավ հանդիպման իր ծնողի հետ: Հրամանատարն իր շնորհակալությունը հայտնեց զինծառայողների և սպաների ծնողների քաջարի, ազնիվ, խիզախ որդիներ դաստիարակելու համար: Ելույթից հետո ներկայացվեց ,,Բանակը մեր տունն է,, տեսաֆիլմը: ,,Արցախի անառիկության ապահովումը Հայոց սպայի արժանապատվության խնդիրն է,, թեմայով ելույթ ունեցավ Ն զորամասի 4 ՀԳՄ հրամանատար՝ Ավետիք Գրիգորյանը: Զինծառայողների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ զինծառայող ծարքային Դվին Զարմանյանը: Զինծառայողների ծնողների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Ն զորամասի զինծառայող՝ Մկրտիչ Հարությունյանի մայրը՝ Սալվինազ Հարությունյանը: Արցախյան ազատամարտի մասնակիցների անունից ելույթ ուեցավ և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին ընթերցեց ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահ Յուրա Ալեքսանյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով զինծառայողներին նվիրեց ,,Գյումրի,, գիրք, իսկ զորամասին բարձրախոսներ: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Հարգարժան նախարար, Հայկական բանակի հարգելի գեներալներ, սպաներ, զինվորներ, ապագա մարտիկներ, ծնողներ.
Այսօր, այս դահլիճում հյուրընկալվել են Հայոց բանակի մարտիկներն ու նրանց հարազատները, առաջիկա ամիսներին մեր բանակի զորամասերն համալրելու պատրաստ պատանիները: Սա մի նոր ու բովանդակալից միջոցառում է, ավելի շուտ, սրտառուչ ու ջերմ հավաք, որի բոլոր մասնակիցների գլխավոր նպատակը մեր երկրի հուսալի պաշտպանությունն է:
Վստահ եմ, որ բանակ-ընտանիք կապի ամրապնդումը զինվորների ու նրանց ծնողների համար դառնալու է ոգևորության, կարոտի ու սպասման պահերը մեղմելու յուրատեսակ իրողություն, հերթական անգամ հպարտությամբ է լցնելու այն ծնողների սրտերը, որոնց զավակները զինվորներ են, աչքի են ընկնում ծառայության մեջ, այնքան, որ հրամանատարը որոշել է բերել ծնողներին տեսության: Որքան պիտի սիրի ու հարգի հրամանատարն իր զինվորներին, որ հոգսաշատ, լարված առօրյայից ժամանակ գտնի նման այցելություն կազմակերպելու համար:
Ողջունում եմ ձեզ, սիրելի տղաներ, թող ձեր ծառայությունն անցնի անխռով ու խաղաղ երկնքի տակ: Բարի ծառայություն ձեզ ու բարի վերադարձ հայրենի տուն:
Ուզում եմ դիմել նաև նախազորակոչային տարիքի պատանիներին:
Որպեսզի դուք նվիրվեք զինվորական գործին, դառնաք կարգապահ ու հայրենասեր զինվորներ, Ձեզ հետ պետք է տանեք հարազատ ընտանիքի ու ծնողների, բոլորիս բարի մաղթանքները: Պետք է հիշեք ձեր ծննդավայրը, դաժան բնության ու հողի հետ կռիվ տվող նրա ազնիվ ու հոգով արի մարդկանց, որոնք սպասելու են իրենց առնականացած զավակների վերադարձին:
Դուք վաղը դառնալու եք հայոց բանակի մի մասնիկը, որը կայացել և շարունակում է զարգանալ ու հզորանալ: Այն Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ կառավարության ու մեր ողջ ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
Հարգելի բարեկամներ, մենք այսօր լսեցինք մարդկանց, ովքեր կանգնած են եղել հայոց բանակի ձևավորման ակունքների մոտ, որոնց նահատակված ընկերների արյան գնով անառիկ են մեր երկրի սահմանները և հաղթանակով է պսակվել Արցախյան գոյամարտը։
Այդ բախտորոշ օրերին, Հայրենիքն ու Արցախը պաշտպանելու առաքելությամբ, զենք վերցրեցին նաև հարյուրավոր շիրակցի պատանիներ ու երիտասարդներ: Նրանց, ինչպես, հիմա Ձեզ,  միավորել էր հայրենիքը, իր տունն ու ընտանիքի պատիվը պաշտպանելու գաղափարը։ Շատերի համար հողաթումբը դարձավ վերջին հանգրվան։ Նրանք մեր հայրերն ու եղբայրներն էին, որ այսօր հանգչում են հայրենի հողում, դարձած մահարձան ու խաչքար:
-Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը,-ասել է Գարեգին Նժդեհը:
Ուրեմն լինենք այդ դավանանքի կրողը, քանզի Հայաստանի անկախացման օրից ի վեր, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը` ազգային բանակի կայացումն է, որ հուսալիորեն պաշտպանում է մեր պետությունն ու ժողովրդին։
Օգտվելով առիթից, ուզում եմ իմ խորին հարգանքն հավաստել հայոց բանակի զինվորներին, սպաներին, երկրապահներին, վետերաններին, բոլոր նրանց, ովքեր հայոց եռագույնի առջև խոնարհվել ու երդվել են սրբորեն պաշտպանել հայրենի հողը։
Մեր խոնարհումը բոլոր ծնողներին, որոնք ծնել, սնել ու դաստիարակել են զինվոր-զավակներ:
Ավարտելով իմ խոսքը, շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին՝ այս հանդիպման կազմակերպման համար և մաղթում եմ, որ Հայաստանի ու Արցախի երկնակամարը միշտ պայծառ ու խաղաղ լինի, իսկ հայոց բանակի զինվորն՝ աննկուն ու քաջ:
Թող նման միջոցառումնները լինեն հաճախակի ու մայրերի հետ զինվորների հանդիպումներում հոսեն միայն ուրախության արցունքներ:
Շնորհակալություն։
ԼՂՀ ՊՆ, ՊԲՀ Մովսես Հակոբյանը Արցախյան գոյապայքարում ներդրած անուրանալի ավանդի համար Պաշտպանության բանակի հուշամեդալով պարգևատրեց Իգիթ Վարազդատի Զաքարյանին, Հովհաննես Ավետիքի Շեկոյանին և Դավիթ Մկրտիչի Չեռնամորյանին: Վերջին երկուսը լինելով առաջին կարգի հաշմանդամներ առողջական խնդիրների հետ կապված չէին մասնակցում միջոցառմանը: ԼՂՀ ՊՆ, ՊԲՀ Մովսես Հակոբյանը առաջարկեց գնալ տղաների տուն և այնտեղ շնորհավորել վերջիններիս պարգևատրման կապակցությամբ:
ԼՂՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ՝ գեներալ-մայոր Վ.Բալայանն ընթերցեց ԼՂՀ ՊՆ ՊԲ հրամանատարի խրախուսման հրամաները: Հրամանների մեջ արդեն տեղ էր գտել նաև պարոն նախարարի հինգ օր զինծառայողներին ազատական տալու մասին որոշումը: Խրախուսումներից հետո տերունական աղոթքով զինծառայողներին և նրանց ծնողներին դիմեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Միջոցառումը եզրափակվեց փոքր համերգով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33