Նորություններ
Շիրակի մարզպետի հանդիպումը Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
20.03.2014
Մարտի 20-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսի գլխավորությամբ:
Ասիական զարգացման բանկի պատվիրակության այցի նպատակը առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին Շիրակի մարզպետին ներկայացնելն ու նոր ծրագրերի նախանշման առումով մարզպետի աջակցությունը ստանալը:
Հանդիպմանը ներկայացնելով ծրագիրը՝ Սեզար Լոուրենսը նշեց, որ առաջիկա ծրագրերը կապված են չորս` Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքաների հետ: Աշխատանքների իրականացման համար արդեն իսկ ձեւավորվել է տեխնիկական աջակցության խումբ, որը կատարում է տվյալների հավաքագրում: Այդ աշխատանքների իրականացման եւ խնդիրների քննարկման նպատակով աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ: «Ես հույս ունեմ, որ Շիրակի մարզից կներկայացվեն մեզ հետաքրքրող բնագավառների խնդիրները, որոնց ուսումնասիրությունից հետո մենք կկազմենք դրանց լուծման ծրագրեր>- ասաց ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսը:
Ֆելիքս Ցոլակյանը կարեւորելով մեր մարզում կատարվող Ասիական զարգացման բանկի ծրագրերը` նշեց, որ իրենք միայն ողջունում են դրանք և հնարավորությունների սահմաններում կաջակցեն դրանց իրականացմանը: <Շիրակի մարզում բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ կան, մեծ ներդրումների անհրաժեշտություն է զգացվում, առաջնային ենք համարում ինչպես բնակշինարարության, այնպես էլ ճանապարհաշինության հետ կապված ծրագրերը>,- ընդգծեց Շիրակի մարզպետը:
Սեզար Լոուրենսը տեղեկացրեց, որ արդեն իսկ մշակված կա թվով 32 ծրագիր, որոնցից 14-ի համար նախագծային աշխատանքներ են իրականացվել, իսկ 18 ծրագրերը հաստատման ընթացքի մեջ են:
Ֆելիքս Ցոլակյանը կարեւորելով ԱԶԲ-ի աջակցությամբ մարզերում իրականացվող ենթակառուցվածքների` հատկապես ճանապարհների, ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրերը, նշեց, որ Շիրակի մարզում եւ նրա համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը առաջնային է համարվում: <Մեզ մոտ մարզում, և հատկապես Գյումրի քաղաքում, մեծ խնդիր է ճանապարհների, դրանց ենթակառուցվածքների նորոգումը, քայքայված ճանապարհները, աննորոգ մնացած մայթերն ու կանգառները մեզ համար առաջնային լուծում պահանջող խնդիրների ցակնում են>,- ասաց պարոն Ցոլակյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ բնագավառների վերաբերող հարցեր, մասնավորապես տրանսպորտի և տուրիզմի բնագավառներում մարզին հուզող հիմնահարցերը:
Մարզպետը հանդիպման ավարտին առաջարկեց պարբերաբար կազմակերպել հանդիպումներ եւ փուլային քննարկումներ:
Ի դեպ, առաջին առանձնացված քննարկումը տեղի ունեցավ մարզպետի հետ հանդիպումից անմիջապես հետո` Ասիական զարգացման բանկի խորհրդատուներն հանդիպեցին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, խնդիրների ուսումնասիրման համար առաջարկվեց ստեղծել մասնագիտական հանձնաժողովներ, որոնք առավել հանգամանորեն կներկայացնեն դրանք:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 12:16:18