Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հանդիպումը Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

20.03.2014

Մարտի 20-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց Ասիական զարգացման բանկի  պատվիրակությանը` ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսի գլխավորությամբ: 

Ասիական զարգացման բանկի  պատվիրակության այցի նպատակը առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին Շիրակի մարզպետին ներկայացնելն  ու նոր ծրագրերի նախանշման առումով մարզպետի աջակցությունը ստանալը:

Հանդիպմանը ներկայացնելով ծրագիրը՝ Սեզար Լոուրենսը նշեց, որ առաջիկա ծրագրերը կապված են  չորս` Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքաների հետ:  Աշխատանքների  իրականացման համար արդեն իսկ  ձեւավորվել է տեխնիկական աջակցության խումբ, որը կատարում է տվյալների հավաքագրում: Այդ աշխատանքների իրականացման եւ խնդիրների քննարկման նպատակով աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ: «Ես հույս ունեմ, որ Շիրակի մարզից  կներկայացվեն մեզ հետաքրքրող բնագավառների խնդիրները, որոնց ուսումնասիրությունից հետո մենք կկազմենք դրանց լուծման ծրագրեր>- ասաց ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսը:

Ֆելիքս Ցոլակյանը կարեւորելով  մեր    մարզում կատարվող Ասիական զարգացման բանկի   ծրագրերը` նշեց, որ իրենք միայն ողջունում են դրանք և հնարավորությունների սահմաններում կաջակցեն դրանց իրականացմանը: <Շիրակի մարզում բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ կան, մեծ ներդրումների անհրաժեշտություն է զգացվում, առաջնային ենք համարում ինչպես բնակշինարարության, այնպես էլ ճանապարհաշինության հետ կապված ծրագրերը>,- ընդգծեց Շիրակի մարզպետը:

Սեզար Լոուրենսը տեղեկացրեց, որ արդեն իսկ մշակված կա  թվով 32 ծրագիր, որոնցից 14-ի համար նախագծային աշխատանքներ են իրականացվել, իսկ 18 ծրագրերը հաստատման ընթացքի մեջ են: 

       Ֆելիքս Ցոլակյանը   կարեւորելով ԱԶԲ-ի աջակցությամբ մարզերում իրականացվող ենթակառուցվածքների`  հատկապես  ճանապարհների, ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրերը, նշեց, որ Շիրակի  մարզում եւ նրա համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը առաջնային է համարվում:  <Մեզ մոտ մարզում, և հատկապես Գյումրի քաղաքում, մեծ խնդիր է ճանապարհների, դրանց ենթակառուցվածքների նորոգումը, քայքայված ճանապարհները, աննորոգ մնացած մայթերն ու կանգառները մեզ համար առաջնային լուծում պահանջող խնդիրների ցակնում են>,- ասաց պարոն Ցոլակյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ բնագավառների վերաբերող հարցեր, մասնավորապես տրանսպորտի և տուրիզմի բնագավառներում մարզին հուզող հիմնահարցերը:

Մարզպետը հանդիպման ավարտին առաջարկեց  պարբերաբար կազմակերպել հանդիպումներ եւ փուլային քննարկումներ:  

   Ի դեպ, առաջին առանձնացված քննարկումը տեղի ունեցավ մարզպետի հետ հանդիպումից անմիջապես հետո` Ասիական զարգացման բանկի խորհրդատուներն հանդիպեցին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, խնդիրների ուսումնասիրման համար առաջարկվեց ստեղծել մասնագիտական հանձնաժողովներ, որոնք առավել հանգամանորեն կներկայացնեն դրանք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-11 16:22:46