Նորություններ
Շիրակի մարզպետի հերթական անակնկալ նվերը ազատամարտիկների կանանց
07.04.2014
Մայրության և գեղեցկության օրվա առթիվ, Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ, ապրիլի 7-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում անցկացվեց տոնական միջոցառում:
Մարզպետարանն այս անգամ միջոցառմանը հրավիրված կանանց ոչ միայն փորձել էր մշակութային տարաբնույթ համույթների և անհատ կատարողների ելույթներով ողջունել, այլ նաև Ավետման տոնի առթիվ անկանկալ անել՝ բոլորին ծաղիկներ շնորհելով: Միջոցառման ընթացքում հնչեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը, որում ասված է. «Կրկին լավ առիթ է ներկայացել մեծարելու Ձեզ՝ սիրելի՛ մայրեր, ցույց տալու մեր անսահման սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ: Բոլոր ժամանակներում հայ կինն ունեցել է իր արժանի դերն ու մասնակցությունը ընտանիքի կերտման, հայոց պետականության ամրապնդման գործում, եղել և մնում է ազգապահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին անգամ շնորհավորելով մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և դստրերին` մաղթում եմ քաջություն, անսահման սեր, խաղաղություն ու ընտանեկան երջանկություն»:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Անի» պարային համույթը, Գյումրու պետական սիմֆոնաիկ նվագախումբը և այլ կատարողներ: Կինոթատրոնի դահլիճում ցուցադրված էին Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքները: «Արտ» ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը Գյումրու զոհված 10 ազատամարտիկների կանանց տոնի առթիվ հանձնեց Սև ծովի ափին յոթնօրյա հանգստի անվճար հավաստագիր. ակցիան իրականացվել է Շիրակի մարզպետի աջակցությամբ: Մարզպետի հովանավորությամբ, այդ ծրագրից կօգտվեն 50 ազատամարտիկների կանայք, որոնցից 20-ին մարտի 8-ի կապակցությամբ էին տրամադրվել հավաստագրերը:
Տոնի առթիվ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Մեծ հայրենականի մասնակից 22 կին-վետերանի ցուցաբերել է դրամական օգնություն:
ԳՅՈՒՄՐԻ, 7ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ