Նորություններ
Եվրոպայի չեմպիոնին շնորհավորեց Շիրակի մարզպետը
10.04.2014
Ապրիլի 10-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց գյումրեցի հունահռոմեական ըմբիշ, 22-ամյա Արթուր Ալեքսանյանին և նրա մարզիչին` Գևորգ Ալեքսանյանին: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը արդեն երրորդ տարին անընդմեջ դառնում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: Շիրակի մարզպետը նախ շնորհավորեց ըմբիշին այսօրինակ հիանալ հաղթանակի համար այնուհետ նշեց, որ հպարտանում և հիանում է նրա մարզական հաջողություններով: <Ես որքան տեղյակ եմ Քեզ նման դեռ ոչ մի հայ մարզիկ, ով ելույթ է ունենում Հայաստանի դրոշի ներքո երեք անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն չի դարձել, սա իսկապես և ոգևորում, և ուրախացնում, և հպարտություն է ներշնչում: Հավատա դու ողջ հայ ազգի ու մասնավորապես, Շիրակի մարզի պարծանքն ես, բոլորս քեզ համար անհանգստանում էինք, հետևում քո մրցումներին անհաբերությամբ և, բնականաբար, ուրախացանք քո հաղթանակով>,- Եվրոպայիչեմպիոնի հետ զրույցում նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակի մարզպետը Արթուր Ալեքսանյանին դրամական պարգև հանձնեց` 1000դոլար, ինչպես նաև նրան տրվեց Շիրակի մարզպետարանի հուշամեդալ` սպորտի բնագավառում մեծ ձեռքբերումների համար: Շիրակի մարզպետի պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց նաև Արթուր Ալեքսանյանի հայրը` Գևորգ Ալեքսանյանը, ով նաև Արթուր մարզիչն է: Այնուհետև Շիրակի մարզպետն հետաքրքրվեց մարզիկին ու մարզիչին հուզող խնդիրներով, վերջիններս էլ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին մարզպետին` ջերմ վերաբերմունքի և մշտական հոգածության համար:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին եւ երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գյումրեցի «Սպիտակ Արջը» Ֆինլանդիայում անցկացրած հինգ գոտեմարտերում վաստակեց 38 միավոր: