Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բավրա գյուղում բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը

06.05.2014

Մայիսի 6-ին Շիրակի մարզի Բավրա գյուղում հադիսավորությամբ բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ծրագրի հովանավոր Նշան Դեվեճիէանը եւ արգենտինահայ բարերարներն` իրենց ընտանիքներով: 
Հանդիսությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, համայնքի ղեկավարը, հյուրեր:
Երկհարկանի համայնքային կենտրոնում կգործեն գյուղապետարանը, գրադարանը, համակարգչային սենյակն ու հանդիսությունների սրահը:
Համայնքային կենտրոնն արգենտինահայ Նշան Դեվեճիէան ընտանիքի հովանավորած միակ ծրագիրը չէ այս համայնքում: Տարեսկզբին հիմնովին կահավորվել եւ համակարգչային տեխնիկայով է համալրվել Բավրայի դպրոցը: 
Որպես արվածի գնահատանք, Դեվեճիէան ընտանիքին շնորհվեց Բավրայի Պատվավոր քաղաքացու կոչում եւ նվիրաբերեվեց 300ք.մ հողատարածք համայնքում:
Բարերարի որդու` Դանիել Դեվեճիէանի հովանավորությամբ էլ իրականացվում է «5000 սպորտային գնդակ» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզային դպրոցներին այս օրերին նվիրաբերվում են սպորտային գնդակներ: Այսօր ծրագրի շահառու դարձավ եւս 151 դպրոց, որոնց նվիրաբերվեց 625 գնդակ: 
«Չնայած ճանապարհի դժվարությանը տիկինս եւս մեծ ցանկություն ուներ մասնակցելու օրվա հանդիսությանը եւ թեկուզ մի հատիկ ավազ դնելու այս հողում»,- իր խոսքում ասաց Նշան Դեվեճիէանը: Բարերարը ցանկացավ, որ նորակառույցը լինի երջանկության կենտրոն համայնքի համար: 
«Երկու տարի առաջ, Արգենտինայում մեր բարերարների հետ հանդիպումից հետո մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել Հայաստանում եւ Արցախում: Մեր կառույցը մեկ հայի ձեռք է մեկնած մյուսին: Այսօր արգենտինահայերը ձեռք են մեկնել Բավրայի մեր հայրենակիցներին եւ թող այս կենտրոնը նրանց համար դառնա նոր կյանքի սկիզբ»,- ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հիմնադրամի ղեկավարը հուշամեդալներ հանձնեց Հիմնադրամի բարերարներ Նշան Դեվեճիէանին եւ նրա տիկնոջը, Քիրքոր Շիմշիրօղլուն, Էքզերճիէան եղբայրներին: 
Համայնքի ղեկավար Մկրտիչ Պետրոսյանն էլ իր շնորհակալական խոսքում նշեց, որ համայնքը խորապես գնահատում է, որ Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բավրա գյուղն արժանացել է Հիմնադրամի եւ բարերարների ուշադրությանը:
«1956թ-ից այս կողմ սա առաջին նորակառույցն է Բավրայում: Կցանկանայի, որ ամեն մի նոր կառույցի հետ ամրապնդվեր գյուղացու հավատն իր հող ու ջրի նկատմամբ»,- իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Հայ-վրացական սահմանից շուրջ կես կմ հեռավորության վրա գտնվող Բավրա համայնքում բնակվում է շուրջ 570 մարդ:

 Հայաստան Համահայկական Հիմնադրամ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 11:22:31