Նորություններ
Հանդիպում ,,Հայջրմուղկոյուղի,,ընկերության գլխավոր տնօրենի հետ
07.05.2014
Մայիսի 7-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներին: Հանդիպման ընաթցքում կողմերն հիմնականում զրուցեցին «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից իրականացված ներդրումային աշխատանքների վերաբերյալ: Շիրակի մարզպետը կարևորելով Գյումրիում և հարակից մի շարք համայնքներում իրականացված վերականգնողական աշխատանքները, նշեց, որ դրանք իսկապես կնպաստեն ջրամատակարարման որակի բարձրացմանը: Այնուհետև Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ 2014-ի անելիքներին: Այս տարի պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակում կսկսվեն Գյումրի քաղաքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, այս առումով խնդիրներ չլինելու համար մարզպետը Պատրիկ Լորենին առաջարկեց աշխատել համագործակցված: < Մեզ համար այսօր գերխնդիր է, որ մինչ փողոցների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների մեկնարկը «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն արդեն ավարտած լինի ջրագծերի հետ կապված աշխատանքները, որպեսզի մեզանից հետո դրանք չքանդվեն>,-ասաց Շիրակի մարզպետը: Ֆելիքս Ցոլակյանի խոսքերով միայն փոխգործակցված աշխատանքով հնարավոր կլինի զերծ մնալ ավելորդ թյուրիմացություններից ու աշխատանքային բացթողումներից: <Ձեր կողմից աշխատանքներ չիրականացնելը խոչընդոտում է նաև նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմմանը, քանզի աշխատանքների ծավալները հստակ չեն լինում>,-ավելացրեց մարզպետը:
Պատրիկ Լորենը խոստացավ հանդիպումից հետո հետամուտ լինել նախանշված աշխատանքների առավել արագ իրականացմանը:
Այնուհետև կողմերն անդրադարձան Արթիկ քաղաքում իրականացված աշխատանքներին, առաջիկայում Անիի տարածաշրջանում նախատեսված ներդրումային ծրագրին, որն ապահովելու է տարածաշրջանի մի շարք գյուղերի խմելու ջրի խնդրի կարգավորումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Արթիկի տարածաշրջանի գյուղերի ջրամատակարարման խնդրին, այժմ ընթանում են մի քանի համայնքների` դրենաժային համակարգից ջրամատակարարում իրականացնելու համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հստակեցման աշխատանքները:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետն ու Պատրիկ Լորենը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա մի քանի օրերի ընթացում շրջայց իրականացնել Արթիկի տարածաշրջանում` ծանոթանալու համայնքներին` ջրամատակարարման և սպասարկման առումով հուզող հիմնախնդիրներին: