Նորություններ
ԱՄՆ փոխդեսպանը հանդիպեց մարզպետին
29.05.2014
Մայիսի 29-ին Շիրակի մարզպետն ընդունեց ճանաչողական այցով Գյումրի ժամանած ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսին: Քանի որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ճանաչողական այցով էր եկել, Շիրակի մարզպետից խնդրեց մի քանի բառով ներկայացնել մարզն ու մարզի առջև ծառացած մարտահրավերները: Շիրակի մարզպետը նախ ողջունեց հյուրերին, ապա խոսելով Շիրակի մասին նշեց, որ այն մինչ 1988-ի երկրաշարժը եղել է արդյունաբերական կենտրոն, ինչն այժմ միայն մարզի զարգացման հեռանկարների մեջ է միայն: <Ես պետք է ասեմ, որ Շիրակը 88-ի աղետից հետո շատ է տուժել, անցած տասնամյակներին մարզում մեծ ու ծավալուն վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն անելիքներ դեռ կան: Այժմ Շիրակի մարզն ավելի շատ գյուղատնտեսության առումով է աչքի ընկնում, այստեղ էլ, բնականաբար, անելիքներ կան>,-ասաց Ֆելիքս Ցոլակայնը: Քլարկ Փրայսն հետաքրքրվեց գյուղատնտեսության բնագավառում առկա հիմնախնդիրներով, ինչի առնչությամբ մարզպետն ասաց. <Մենք հիմա խնդիր ունենք գյուղատնտեսության զարգացման և արդիականացման առումով, խոսքս վերաբերում է ինչպես նոր տեխնիկասարքավորումներ ձեռք բերելուն, այնպես էլ սերմնաբուծության զարգացմանն ու անասնապահության բնագավառում տոհմական ցեղերի բազմացմանը>:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև տուրիզմի զարգացման հեռանկարներին, ՏՏ ոլորտին, մասնավորապես, տեխնոպարկի գործուենությանն, ապակենտրոնացման քաղաքականությանն, ինչպես նաև համայնքների հզորցամանն առնչվող հարցերի:
Ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով և հույս հայտնեցին, որ հանդիպումներն առավել հաճախակի կլինեն, ինչը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի մեկնարկին: