Նորություններ
Տեղի ունեցավ Շիրակի մարզային ,,Սպորտլանդիան,,
31.05.2014
Մայիսի 31-ին Գյումրու քաղաքապետարանի խաղերի մարզադպրոցում տեղի ունեցավ Շիրակի մարզի նախադպրոցական հիմնարկների ,,Սպորտլանդիա-2014,, մարզային փուլի եզրափակիչը, նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Նախնական երեք փուլերից հետո եզրափակիչ էին դուրս եկել Գյումրու ,,Լուսաստղիկ,, ,,Արձագանք,, նախակրթարանների համանուն թիմերը, ,,Էյլիթիա,, նախակրթարանի ,,Բազե,, Արթիկի թիվ 4 նախակրթարանի ,,Արև,,, Մարալիկի ,,Անի,, և Ախուրյանի ,,Առաջին քայլեր,, նախակրթարանի ,,Արփի,, թիմերը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և քաղաքականության մշակման բաժնի պետ Սուրեն Պրազյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Գյումրու քաղաքապետարանի սպրոտի բաժնի ողջ աշխատակազմը բաժնի պետի գլխավորությամբ, Մարալիկի և Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ, զլմ ներկայացուցիչներ: Միջոցառումը վարում էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը: Հինգ մարզաձևերից՝ փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, նետումներ նշանակետին, անցում մարմնամարզական օղակների միջով և խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով մրցաձևերում մինչև վերջին փուլը Մարալիկի ,,Անի,, և Գյումրու ,,Բազե,, թիմերն ունեին հավասար միավորներ, միայն վերջին եզրափակիչ մրցելույթի ժամանակ Մարալիկի թիմի սանը սխալ տեղափոխելով գնդակները, կորցնելով թանկարժեք չորս վարկյանները, կորցրեցին նաև առաջին տեղը գրավելու հնարավորությունը: Սպորտը մնում է սպորտ, անկախ նրանից, ովքեր են մասնակիցները, պարզապես այս փոքրիկների պարագայում ուրախացնողն այն է, որ մեր նախակրթարաններում բարձր հիմքերի վրա է դրված մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության հարցը, ինչին ականատես լինելով, լիահույս ենք, որ աճում է առողջ սերունդ, շնորհիվ իրենց գործին գիտակ և հետևողական տնօրինության ու դաստիարակների: Հաղթող երեք թիմերը Գյումրու ,,Բազե,,, Մարալիկի ,,Անի,, և բրոնզե մեդալակիր Գյումրու ,,Արձագանք,, թիմերը պարգևատրվեցին նախարարության, մարզպետարանի և քաղաքապետարանի սահմանած մրցանակներով՝ գավաթներ, դիպլոմներ և մեդալներ: Միջոցառման մասնակիցներին շնորհավորեցին և պարգևները հանձնեցին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, նախարարության բաժնի և քաղաքապետարանի բաժնի պետերը: Բոլոր մասնակիցներին՝ շուրջ 76 մասնակից, Գյումրու ,,Վորլդ Վիժն,, կազմակերպության ներկայացուցիչները բաժանեցին նվերներ: