Նորություններ
Մարզպետն այցելեց ,,Փոքրիկ իշխան,, կենտրոն
02.06.2014
Հունիսի 2-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանy, տեղակալ Հարություն Արշակյանի և աշխատակազմի բաժինների պետերի ուղեկցությամբ այցելեց <Հայկական Կարիտաս> ԲՀԿ-ի Գյումրու <Փոքրիկ իշխան> կենտրոն, որտեղ միջոցառում էր անցակցվում` նվիրված երեխաների պաշտպանության օրվան: Ողջույնելով և տոնի կապակցությամբ կենտրոնին նվեր հանձնելով ` Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց բոլոր մանուկներին օրվա կապակցությամբ` նրանց ցանկացավ անհոգ մանկություն, ձեռքբերումներ ու հաջողություն:
<Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության մեջ կարողացել է պահպանել իր ինքնությունը ընտանիքի ու եկեղեցու շնորհիվ: Ընտանիքը յուրաքանչյուր մարդու համար ամենակարևոր բանն է, այն մեր փոքրիկ հայրենիքն է: Ընտանիքից է սկսվում հայրենիքը, եթե կա ամուր ընտանիք, կլինի ամուր հայրենիք:>,-ասաց Շիրակի մարզպետը:
Մարզպետը շրջեց կենտրոնում, ծանոթացավ հնարավորություններին ու աշխատանքներին: <Ես ուրախ եմ, որ փոքրիկներն, ովքեր ապրում են տարբեր խնդիրներով ծանրաբեռնված ընտանիքներում, անտեսված չեն: Այս կենտրոնի աշխատանքն իսկապես կարևորում եմ: Բոլորիս ուշադրությունը պետք է սևեռվի երեխաների հիմնահարցերին: Դժվար պայմաններում ապրող երեխաները ուշադրության և սիրո կարիք ունեն>,- խոսքում ընդգծեց Ֆելիքս Ցոլակյանը:Միջոցառման ժամանակ կենտրոնի սաներն անձամբ ներկայացրին իրենց մատուցվող սոցիալական ծառայությունները:
<Փոքրիկ իշխան> կենտրոնի սոցիալական ծրագրերի նպատակը սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին սոցիալական և հոգեբանական ծառայություններ տրամադրելն է, որը կխթանի առողջ ապրելակերպին: Կենտրոնում մասնագիտական դասընթացների միջոցով տրվում են անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ` սոցիալական պայմանների բարելավման համար: <Հայկական Կարիտաս> -ի Գյումրու <Փոքրիկ իշխան> կենտրոնի առաջնային թիրախ խումբ են 12-18 տարեկան գյումրեցի 85 երեխաներ: