Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտագնա խորհրդակցություն Շիրակի մարզում

04.06.2014

 

Հունիսի 4-ին  ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա նիստ անցկացրեց Շիրակի մարզում, որին մասնակցում էին  նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Մարզպետի ուղեկցությամբ հյուրերը սկզբում այցելեցին Կապսի ջրամբարի տարածք` տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածքի զննումից ու քննարկումներից հետո խորհրդակցություն անցկացվեց Վահրամաբերդ համայնքում: Խորհրդակցության մեկնարկին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նախ ողջունեց մարզ այցելած հանձնաժողովականներին ու նշեց, որ տեղում խնդիրներին ծանոթանալու աշխատակարգն իսկապես ամենահարմարն է դրանք լուծելու համար: - Ես ուրախ եմ Ձեզ Շիրակի մարզում տեսնելու համար, գիտեմ, որ երկրորդ անգամ եք այստեղ արտագնա խորհրդակցություն անցկացնում, այսօր հիմնական քննարկման թեման Կապսի ջրամբարի շինարարությունն է, ինչը ստրատեգիական նշանակության օբյեկտ է լինելու: Ջրամբարի շինարարությունը շատ կարևոր է, այն կլուծի չափազանց կարևոր՝ մարզում ոռոգան խնդիրը: Կլուծի մի քանի հազար հեկտար ոռոգելի հողատարածքների ջրապահովվածությունը, բացի դրանից ջրամբարի կառուցումը ենթադրում է նոր և բավականին շատ աշխատատեղերի ստեղծում, ինչը ևս կարևոր խնդիր է մեզ համար, - ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի հարցին, թե ինչ ընթացքում է Կապսի ջրամբարի շինարարության հետ կապված ծրագիրը պատասխանեց, որ բանակցություններ են ընթանում Գերմանիայի կառավարության հետ, ում ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են: Նախատեսվում է ջրամաբարի կառուցում 25 մլն մ3 տարողությամբ: Սա ջրամբարի նախնական տարողությունն է լինելու, հեռահար ծրագրերում նախատեսվում է ջրամաբարի ծավալը հասցնել 60մլն մ3 :
 Նշենք, որ որ Կապսի ջրամբարի կառուցման շինարարությունը սկսվել էր դեռեւս 1980-ական թվականներին, այն կառուցվում էր Ամասիայի եւ Ախուրյանի տարածաշրջանների սահմանագծում Ախուրյան գետի վրա, Կապս գյուղի մոտակայքում:
                Ջրամբարի ծավալը կազմում էր 90մլն մ3, որի օգտակար ծավալը կազմելու էր 85մլն մ3, մնացած 5մլն մ3-ը` մեռյալ ծավալը, այն զբաղեցնելու էր 430հա ջրային հայելի:
                Ջրամբարի լրիվ կառուցումով ոռոգելի կդարձվեր նոր վարելահողեր Ախուրյանի, Արթիկի, Անիի և Թալինի տարածաշրջանների շուրջ 17000հա, կբարելավվեր Ախուրյանի տարածաշրջանի վարելահողերի ջրապահովվածությունը:
Ջրամբարի նախագիծը 1988թ. երկրաշարժից հետո վերանայվել է 9 բալի սեյսմակայունության հաշվարկով, ջրամբարի ծավալը թողնելով 70մլն մ3: 
Ջրամբարի շինարարությունը դադարեցվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո համապատասխան գումարներ չլինելու պատճառով:
Հետագայում՝ 2007թ-ին ջրամբարի վերակառուցման աշխատանքներն ընդգրկվեցին ,,Հազարամյակի մարտահրավերներ,,  ծրագիր, 5մլն մ3 ծավալով, որում ներառված էր նաև Կապսի ինքնահոս համակարգի կառուցումն իր հիդրոկառուցվածքներով:
 Ջրամբարի կառուցումը 70մլն մ3 ծավալով վերականգնելու դեպքում ոռոգելի կդարձվի Արթիկի և Անիի տարածաշրջանների վարելահողերից 12000հա և միաժամանակ կբարելավվի Ախուրյանի տարածաշրջանի շուրջ 8000հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը:
                Ջրամբարը կառուցելով 45մլն մ3 ծավալով, ոռոգելի կդարձվի Արթիկի և Անիի տարածաշրջանների 8000հա վարելահողեր, իսկ Ախուրյանի տարածաշրջանում կրկին կբարելավվի 8000հա ջրովի հողերի ջրապահովվածությունը` ինչը չի կարելի նշել 5մլն մ3 ծավալի դեպքում:
Հայաստանի Հանրապետության` առավելապես Շիրակի, Արմավիր և Արագածոտնի մարզերի համար ստրատեգիական նշանակություն ունեցող Կապսի ջրամբարի վերակառուցումը 70մլն մ3 կամ 45մլն մ3 ծավալների դեպքում Ախուրյան գետից և այլ ջրաղբյուրներից հոսող ջրերը, որոնք լցվում են Ախուրյանի ջրամբար նպատակային կօգտագործվի վերը նշված մարզերի գյուղատնտեսության զարգացման համար, կբարելավվի ջրօգտագործման արդյունավետությունը և կապահովի բարձր տնտեսական շահույթ հողօգտագործողների համար:
Արտագնա խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ 2014-ի ոռոգման խնդիրները, պատասխանատուները փաստեցին, որ այս տարի սակավաջուր տարի է լինելու, հանրապետության ջրամբարներում նախատեսվածից բավական քիչ ջուր է կուտակվել, այժմ ամեն ինչ արվում է ոռոգման շրջանում խնդիրներն հնարավորինս մեղմացնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:46:32