Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպեց Մարկ Կալինինին
26.06.2014
Հունիսի 26-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսպետհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինին:
Ողջունելով հյուրին Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Շիրակի մարզի հետ Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը նոր չէ, որ աշխատում է. <Ես ուրախ եմ, որ մեզ մոտ գործակցությունը բավական բարձր մակարդակի վրա է, Գյումրիում գիտեմ, որ առաջին անգամ չեք, մեր քաղաքի մասին շատ բան կիմանաք, իհարկե, պետք է նշեմ, որ ներկայիս Գյումրին մինչերկրաշարժյան քաղաքից տարբերվում է, քանզի մինչև 88-ը այն արդյունաբերական ու մշակութային կենտրոն էր, հիմա նախկին հզորություններից քիչ բան է մնացել, սակայն անցած տարիների ընթացքում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել: Պետք է, սակայն, փաստել նաև, որ անելիքներն էլ դեռ քիչ չեն>:
Մարկ Կալինինը մարզպետից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ բացի հերթական այցը իրենք մեկ խնդրով են Գյումրիում, նպատակ ունեն Ռուսպետհամագործակցության ներկայացուցչության մասնաճյուղ բացել նաև հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում:
<Մեր ներկայացուցչության բացումը Երևանում տեղի է ունեցել 2009թ-ին: Ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղություններն են` ծանոթացումը Ռուսաստանի Դաշնության պատմությանը և մշակույթին, գիտական, մշակութային և տնտեսական ներուժին>,-ասաց Ռուսպետհամագործակցության ներկայացուցչության ղեկավարը: Գյւմրիում նմանօրինակ կենտրոնի բացումն, ըստ պարոն Կալինինի, նպատակ ունի տեղի ռուս բնակչության ժամանցը կազմակերպելու, ինչպես նաև մշակութային և գիտական միջոցառումների անցկացման:
Շիրակի մարզպետն էլ փաստեց, որ նման կենտրոնը Գյումրիում առավել ինտենսիվ կգործի, քանզի այստեղ ռուս ազգաբնակչության թիվն ավելի մեծ է:
Այժմ Ռուսպետհամագործակցության ներկայացուցչությունը քննարկում է կենտրոնի գործունեության համար հարմար շենքերի մի քանի տարբերակներ: Կենտորնի բացումը նախատեսվում է մինչև տարեվերջ: