Նորություններ
ՀՀ Վարչապետն այցելեց Շիրակի մարզ
09.07.2014
Հուլիսի 9-ին Շիրակի մարզ էր այցելել ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետին ուղեկցում էին գյուղատնտեսության, կրթության և գիտության, քաղաքաշինության նախարարները: Վարչապետը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ այցի սկզբում հանդիպել է նախօրեին կարկտահարված մի քանի համայնքների բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու խոստացել, որ առաջիկայում ամեն հնարավորը կարվի տուժված համայնքներին օգնելու համար:
Վարչապետն Արևշատ համայնքում մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ մասնակցեց արտովայրերի ջրարբիացման ծրագրի շրջանակում ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը: Ժապավենի կտրելու պատիվը Շիրակի մարզպետինն ու գյուղատնտեսության նախարարինն էր: Ելույթի խոսքում Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրն իրապես օգնություն է մարզի բնակավայրերի համար, լուրջ ներդրումներ են, որոնք խթանելու են գյուղատնտեսության զարգացմանը մարզում:
<Թույլ տվեք ողջունել Հանրապետության վարչապետին մեր մարզում գտնվելու կապակցությամբ և բոլորիս անունից շնորհավորել վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու ցանկանանք բեղմնավոր աշխատանք: <Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության> ծրագիրն արդեն ավարտվել է մեր մարզի ինը համայքներում, որի արդյունքում իրականացվել է 58.745 գծամետր արոտավայրերի ջրարբիացում, ձեռք է բերվել 12 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, ծախսվել է 705մլն 418հազար դրամ գումար: Ծրագիրն ընթքացքի մեջ է ևս 6 համայնքներում, որով նախատեսված է ձեռք բերել 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և իրականացնել 29.300 գծամետր արոտավայրերի ջրարբիացում: Երեք համայնքների համար նախագծային աշխատանքներ են իրականացվում:Միայն Ձեր գյուղում ջրարբիացվել է 10հազար գծամետր, ջրարբիացված արոտները կազմում է հազար հեկտար, իսկ ծրագրի ընդհանուր արժեքն այստեղ կազմում է 171.2մլն դրամ:Ինչու եմ թվարկում կատարվածի մասին, որովհետև սրանով ուզում եմ ցույց տալ ծրագրի կարևորությունը: Չէ որ գյուղացու համար անգնահատելի է այս ծրագիրն իր բոլոր դրական հետևանքներով, կենդանիները չեն կտրելու երկար ճանապարհ ջրին հասնելու, մթերատվությունը կորցնելու և այլ վնասներ կրելու համար:
Սա գյուղի ու գյուղացու նկատմամբ մեր իշխանությունների դրական վերաբերմունքի դրսևորման օրինակ է:>,-խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Արևշատում 10կմ ջրագծային համակարգից զատ, տեղադրվել է երկու խմոց, իսկ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է գյուղտեխնիկայի և գործիքների ձեռքբերում:
Ախուրյանի բնակելի շենքերի շինաշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ արվելու է անօթևանների խնդիրը շուտափույթ լուծելու համար, իսկ թե այդ հարցը ինչ կարգով կլուծվի` կիրականացվի բնակշինարարություն, թե բնակարաններ կգնվի անօթևանների համար, պարզ կդառնա առաջիկայում: Վարչապետն անդրադարձավ նաև մարզում, և ընդհանրապես հանրապետությունում գործազրկության խնդրին նշելով, որ սա հիմնահարց է, որի լուծմանն են միտված կառավարության շատ ծրագրերն ու ջանքերը:
Հովիկ Աբրահամյանն ու Ֆելիքս Ցոլակյանը եղան նաև ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքում, շրջայց կատարեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, այցի ավարտին խորհրդակցություն անցկացվեց Շիրակի մարզպետարանում: