Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետն այցելեց Գյումրու Մուշ 2/2 թաղամաս

22.07.2014

Հուլիսի 22-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի  ուղեկցությամբ այցելեց Գյումրու Մուշ 2/2 թաղամաս, հանդիպեց թաղամասի բնակիչներին, լսեց նրանց հուզող խնդիրների մասին:  Վերջիններս վարչապետին ներկայացրին, որ բնակարաններում առկա են  մի շարք շինարարական թերություններ: Վարչապետը շինարարին հանձնարարեց հնարավորինս կարճ ժամկետներում կարգավորել այդօրինակ խնդիրները:

Հովիկ Աբրահամյանի  այցի նպատակը քաղաքաշինական խնդիրների կարգավորումն էր, մասնավորապես, բնակարանային շինարարության հարցն ու բնակշինարարության նախորդ փուլում հանձնված բնակարանների սեփականաշնորհումը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ Գյումրիում անօթևանության խնդրին վերջնական լուծում անպայման կտրվի, խնդիրը ըստ Հովիկ Աբրահամյանի տարբերակի ընտրության մեջ է, այսինքն պետք է որոշել բնակարանաշինություն, թե բնակշինարարություն: Տարբերակների քննարկումն էլ տեղի ունեցավ Շիրակի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:  Խորհրդակցության ավարտին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողներին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ քննարկվել է անօթևանների խնդրի կարգավորման երկու տարբերակն էլ: Վարչապետը հանձնարարել է Գյումրու քաղաքապետին հանդիպումներ կազմակերպել անօթևան ընտանիքների հետ և նրանց կարծիքն իմանալ, թե վերջիններս համաձայն են բնակարանների գնման վկայագրի միջոցով բնակարանատեր դառնալ, թե նոր բնակարանաշինական աշխատանքներ սկսվեն: Այս հարցերի քննարկման համար ըստ նախարարի նախատեսված է տասն օր:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ էր եղել նաև նախորդ ծրագրով հանձնված բնակարանների սեփականաշնորհմանը, խնդիրը  վարչապետի հանձնարարականով պետք է կարգավորվի ամենասեղմ ժամկետներում: Աշխատանքները կմեկնարկեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Ի դեպ վարչապետն այսօր ամփոփեց նաև իր պաշտոնավարման 100 օրը, նշելով, թե  չի ցանկանում կոնկրետ գնահատականներ տալ կառավարության գործունեությանը, քանզի դա սուբյեկտիվ կլինի  եւ այդ ամենը թողնում է գործընկերներին ու հասարակությանը:

«Ժողովուրդը պետք է ասի,  իհարկե ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք կախարդական փայտիկ չունենք, որ 100 օրում բոլոր խնդիրներին  լուծում տանք, բայց մեր թիմը, նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրներին լուծում տա: Իհարկե դրա համար ժամանակ է պետք, ֆինանսական ռեսուրսներ են պետք , բայց որ մենք հետեւողական ենք լինելու, դա փաստ է:  Մենք մեր ապագան պայծառ ենք տեսնում: Մենք ամեն ինչ անելու ենք մեր խնդիրները արագ և որակով լուծելու համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58