Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանում
27.08.2014
Օգոստոսի 27-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ մարզպետարանում մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ` Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը:
Խորհրդակցության քննարկման հիմնական թեման սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներն էին: Ֆելիքս Ցոլակյանը խոսքի սկզբում նշեց, որ հարկերի հավաքագրման գործընթացը չնայած դրական տեղաշարժ ունի, սակայն սա բավարար համարել, ըստ մարզպետի, չի կարելի:
<Սեփական եկամուտները յոթ ամիսների տվյալներով կատարվել է շուրջ 91 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8.6 տոկոսի աճ է արձանագրվել, սակայն սա բավարար չի կարելի համարել, քանզի կան դեռևս համայնքներ, որոնց կատարողականը չի հատել 50 տոկոսի սահմանը>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Մարզպետը զրուցեց ներկա բոլոր համայնքնապետերի հետ առանձին-առանձին: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի որքան էլ օբյեկտիվ պատճառներ լինեն մի շարք համայնքներում հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշների, ամեն դեպքում քիչ չեն դեպքերը, երբ վերլուծությունը ցույց է տալիս, որ հարակից, միմյանց մոտ համայնքները խիստ տարբեր ձևով են կատարում հարկային պարտականությունները:
<Եթե մի համայնքում 100 և ավելի տոկոսով գանձումներ են լինում, նրան մոտ մյուս համայնքում անգամ կիսով չափ չի կատարվում այդ աշխատանքը, այս դեպքում ես կարծում եմ համայնքապետի աշխատանքում պետք է փնտրել թերությունը>,- նշեց պարոն Ցոլակյանը:
Մարզպետն այնուհետ ավելացրեց, որ տվյալ հարկերի հավաքագրումը համայնքին է օգտակար, դրանք ուղղվելու են համայնքների կարիքների լուծմանը:
Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց համայնքապետերին առավել պարտաճանաչորեն կատարել պարտականություններն ու աշխատանքին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, ինչը կօգնի, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում առակա թերացումները լրացվեն:
Նշենք, որ 2014-ի յոթ ամիսների տվյալներով մարզում ամենաբարձրը պետական տուրքի գանձումներն են կատարվել` 89.7տոկոսով, ամենացածրը` հողի հարկն է` 77.3տոկոս: