Նորություններ
Տեղի ունեցավ երրորդ միջազգային պլեները
28.08.2014
Օգոստոսի 25-30-ը ՀՀ Շիրակի մարզի «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում ՀՀ Շիրակի մարզպետարանը և «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ) անցկացրեցին <<Մինասի գույներով>> խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 3-րդ պլեներ»-ը: Այս տարի պլեներին մասնակիցեցին 60 երիտասարդ նկարիչներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, ԼՂՀ-ից, Հայկական Սփյուռքից, ՌԴ-ից, Բելոռուսից և Վրաստանի Հանրապետությունից:
Ծրագրի նպատակն է ՀՀ և օտարերկրյա երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման երաշխիք: Բարեկամական և ստեղծագործական միջավայրում, ապրելով կողք-կողքի, մասնակիցները կազմակերպեցին միջմշակութային երեկո` յուրովի ներկայացնելով իրենց մարզերի և քաղաքների մշակույթը:
Պլեների շրջանակներում հայտնի վարպետների կողմից անցկացվեցին գեղանկարչության և քանդակագործության վարպետության դասեր: Միջոցառման օրակարգը հարուստ էր և հագեցված, որտեղ տեղ էին գտել նաև մի շարք ժամանցային մարզամշակութային խաղեր:
Քանդակը, որպես նորամուծություն այս տարի ներգրավվեց պլեների շրջանակներում և մասնակիցները մեծ ոգևորությամբ սկսեցին քանդակել մեկ միասնական մեծ քարի վրա:
Պլեների մասնակիցների առաջին այցելությունը Մինասի հայրենի գյուղ Ջաջուռն էր: Այնտեղ նրանք հյուրընկալվեցին Մինասի թանգարանում, որտեղ Մինաս Ավետիսյանի ավագ որդի Արման Ավետիսյանը ներկայացրեց մեծ նկարչի կյանքն ու ստեղծագործական ուղին: Ջաջուռում պլեների մասնակիցները կտավին հանձնեցին գյուղական կենցաղն ու առօրյան:
Հաջորդ այցելությունը Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքն էր, որը մասնակիցներին ոգեշնչեց իր սառնորակ ջրով և պատմամշակութային կոթողներով:
Երիտասարդ նկարիչները Գյումրիում ծաղիկներ դրեցին Երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողին, այնուհետև հյուրընկալվեցին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում: Քաղաքի կոլորիտով ոգեշնչված` երիտասարդ նկարիչները նկարեցին Գյումրու պատմական փողոցները և շինությունները:
Պլեների շրջանակներում բացվեց նախորդ երկու պլեներների ֆոնդի և տեղում նկարված նկարների ցուցահանդես: Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիում ՌԴ պատվո հյուպատոսը, Արագածոտն մարզպետի տեղակալը և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, հայտնի արվեստագետներ և արվեստասեր հասարակություն:
Բոլոր ներկաների կողմից մեկ միասնական կտավի վրա նկարվեց հայկական զարդանախշերով մեծ կտավ, որը կդառնա հաջորդ պլեների խորհրդանիշը:
Մասնակիցների ոգևորությանը չափ չկար ավանդական խարույկի արարողության ժամանակ: Խարույկի շուրջ կենդանի կատարումներով հարուստ համերգային երեկոն եզրափակվեց տոնական ճոխ հրավառությամբ:
Պլեների վերջին օրը մասնակիցներին հանձնվեցին ՀՀ Շիրակի մարզպետի և «Արվեստը հանուն խաղաղության»» ՀԿ-ի անունից պատվոգրեր, ինչպես նաև հուշանվերներ: Երիտասարդ նկարիչները հեռացան ՀՀ Շիրակի մարզից` իրենց հետ տանելով վառ հիշողություններ և հաջորդ պլեներին նույնպես մասնակցելու հույսեր: