Նորություններ
Մեծ շուքով բացվեց Արևշատի արվեստի դպրոցը
10.09.2014
Սեպտեմբերի 10-ին Շիրակի մարզի Արևշատի համայնքում Շիրակի մարզպետի, Արթիկի նախկին տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, մեծ հանդիսությամբ բացվեց արհեստների ու արվեստի դպրոցը: Գյուղի մշակույթի տան մասնաշենքի մի հատվածը երկրաշարժից հետո այդպես էլ մնացել էր անմխիթար վիճակում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Աշխարհի 15 երկրներում իսկ Հայաստանում 1996 թվականից բարեգործական գործունեություն իրականացնող Մոնակոյի "Առաքելություն մանկություն" կամ ,,Միսսիոն Անֆանս,, բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ Արևշատի նախկին մշակույթի տան մի հատվածը հիմնանորոգումից և կահավորումից հետո կրկին իր դռները բացեց արևշատցիների առջև: Կազմակերպության Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Ռաֆֆի Քամալյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարության և բնակչության ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Վերջինս իր գոհունակությունը հայտնեց նաև կատարված աշխատանքի որակի կապակցությամբ: 12 դասարաններ ամբողջովին վերանորոգված, կահավորված, արհեստագործության, շախմատի, համակարգիչների դասարաններով, լոկալ ջեռուցմամբ, կոմունալ հարմարություններով շատ լավ նվեր հանդիսացավ համայնքի բնակչության համար: Դպրոցի հանդիսավոր բացման արարողության ժամանակ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանն իր և համայնքի բնակչության անունից խորին շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին կատարված աշխատանքի համար: Դպրոցի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և Ռաֆֆի Քամալյանին: