Նորություններ
Շահագործման հանձնվեց Աշոցքի Աղավնի-Գրիգոր Բոյաջյանների անունը կրող դպրոց
16.09.2014
Աշոցքի դպրոցին բախտ վիճակվեց բացման կրկնակի միջոցառում անցկացնելու: Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ դպրոցի հանդիսավոր բացմը, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ: Սեպտեմբերի 16-ին դպրոցի բացման արարողությունը կրկնվեց բարերարների՝ Առաքել և Լիդիա Գազարյանների այցելությամբ պայմանավորված, ովքեր հանդիսանում են հիմնական բարերարները Աշոցքի Աղավնի-Գրիգոր Բոյաջյանների անունը կրող դպրոցի շինարարության:
,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում Աշոցքի համայնքում կառուցվել է 360 աշակերտի համար նախատեսված նոր դպրոց, որը գտնվում է համայնքապետարանի, արվեստի դպրոցի և մշակույթի կենտրոնի հարևանությամբ: Դպրոցաշինության ոլորտում սա հիմնադրամի իրականացրած ամենախոշոր ծրագիրն է, որը կյանքի է կոչվել ծրագրի գլխավոր հովանավոր՝ ֆրանսահայ Առաքել և Լիդիա Գազարյանների ընտանիք, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամ -Ֆրանսիա հովանավորությամբ, իրենց ծնողների՝ Աղավնի-Գրիգոր Բոյաջյանների հիշատակին: 796 մլն դրամ արժողությամբ կառույցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2011-ի հուլիսին ,,Կարալանս,, կապալառու կազմակերպության կողմից և ավարտին հասել այս տարվա օգոստոսին:
Դպրոցն ունի չորս մասնաշենք՝ ընդհանուր 2720 քառ.մ մակերեսով: Գլխավոր մասնաշենքում տեղակայված է ուսումնական մասը՝ դասասենյակներով, մասնագիտացված կաբինետներով և համակարգչային սրահով: Մյուս մասնաշենքում տեղակայված են ճաշարանը, հանդիսությունների սրահը և սպորտդահլիճը: Դպրոցն ունի նաև բացօթյա մարզահրապարակ: Բոլոր մասնաշենքերը ապահովված են ջեռուցման և օդափոխության համակարգերով: Ծրագրի շրջանակներում դպրոցն ամբողջովին կահավորվել է: Ներկայումս դպրոց է հաճախում 261 աշակերտ: