Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում ավելացել է ներառական դպրոցների թիվը

22.09.2014

 

 
Շիրակի մարզում այս ուսումնական տարի ավելացել է ներառական դպրոցների թիվը: Մարզում այս պահին արդեն գործում է 13 ներառական դպրոց ՝12-ը Գյումրիում, 1-ը Արթիկում: Բացի այս դպրոցներից, մարզում գործում է նաև 2 հատուկ դպրոց՝ Գյումրիի թիվ 3 և Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցները: Այս բոլոր դպրոցները պետք է ունենան հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ, լոգոպետ, սոցիալական աշխատող:
Մարզում, ընդհանուր առմամբ, վկայագրվել է 946 կրթության  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Այս երեխաներն արդեն ներառված են կա՛մ ներառական, կա՛մ հատուկ դպրոցներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, այս երեխաներին  վկայագիրը տրվում է Երևանի բժշկահոգեբանական-մանկավարժական կենտրոնի եզրակացության հիման վրա: Այդ եզրակացության նեջ նաև նշվում է, թե որ դպրոցն է նպատակահարմար տվյալ երեխային: «Այդ եզրակացությունը հիմք է, որպեսզի մարզպետարանը տա վկայագիր: Վկայագիրը տրվում է մարզպետի կողմից: Այդ ընթացքում կատարվում է նաև կարիքների մեկ այլ գնահատում: Քանի որ այդ երեխաները համարվում են դժվարին  իրավիճակում հայտնված երեխաներ, կատարվում է նաև սոցիալական գնահատում»,-նշեց պատասխանատուն: Խոսելով  ներառական դպրոցների դերի մասին՝ Լուսինե Գինոսյանը նշեց, որ այս դպրոցներն օգնում են ապահովել կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ շատ հաճախ,մ ինչ այս, այդ երեխաները չէին կարողանում հաճախել հանրակրթական դպրոցներ: «Այսօր նրանք սովորում են հանրակրթական դպրոցներում և սահուն ձևով ինտեգրվում են մյուս երեխաների հետ, որևէ առանձնացում չի դիտվում: Նրանք նույն մեր երեխաներն են, պարզապես նրանց կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Հենց այդ պայմաններն էլ պարտավոր է ապահովվել յուրաքանչյուր ներառական դպրոց՝ թե՛ մասնագետների, թե՛ տեխնիկական հագեցվածության և թե՛ կառույցի մատչելիության տեսանկյունից: Մեր դպրոցները փորձում են այդ բոլոր պայմաններն  ապահովել: Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ուրախացնող է, որ մարզում կա ներառական դպրոցների այսպիսի թիվ այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ ոչ մի ներառական դպրոց չունեինք»,-նշեց Լուսինե Գինոսյանը:
Եթե հարցը կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների ինտեգրմանն ու նրանց կրթությանն  է առնչվում, ապա ներառական դպրոցների  թվի աճը  շատ դրական է դիտվում, բայց նաև կան ծնողներ, ովքեր դրական չեն վերաբերվում այս փաստին՝ նշելով, որ հաճախ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ հանրակրթական դպրոցներ հաճախելու պատճառով, դասապրոցեսը խաթարվում է: Սա, ըստ մասնագետի, պետք է դիտարկել տարբեր  կողմերից: «Այո՛, ունեցել ենք նաև դեպք, որ հատուկ կարիքներ ունեցող երեխայի ծնողը, որը նույն դպրոցում ունի նաև ուրիշ՝ ոչ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա, նույնպես դեմ է եղել ներառմանը: Եթե այդպիսի դեպք ունեցել ենք, ուրեմն կան դեպքեր, երբ ծնողները, շատ դեպքերում նաև ուսուցիչները, դեռևս չեն համակերպվում այս իրողությանը, բայց, ամեն մի նորություն միշտ էլ դժվարությամբ է ընդունվում, առաջին քայլերը միշտ էլ դժվար են կատարվում, բայց եթե հարցին մոտենում ենք թե՛ մարդասիրական առումով, թե՛ ՄԱԿ-ի հռչակագրով, թե՛ երեխաների իրավունքների մասին օրենքներով, պետք է տարանջատում չլինի երեխաների ուսուցման կամ հանգստի կազմակերպման մեջ: Այս դեպքում տվյալ դպրոցների հատուկ մանկավարժները, սոցիալական աշխատողները, բոլորը պետք է լինեն ուսուցչի կողքին, և տվյալ երեխայի հետ տարվի անհատական աշխատանք: Գուցե սկզբում մի փոքր դժվար կլինի, բայց կլուծվի տվյալ երեխաների կրթություն ստանալու իրավունքը: Թե՛ պետությունը և թե՛ հասարակությունը պարտավոր են դա ընդունել և ապահովել երեխայի կարևորագույն իրավունքերից մեկը՝ կրթական իավունքը»,-նշեց Լուսինե Գինոսյանը՝ ավելացնելով, որ  թեև վերիջին տարիներին հասարակության մեջ բավական դրական տեղաշարժ նկատվում է, սակայն  դեռևս հասարակութունն ունի մտածելակերպի փոփոխության կարիք: «Տարիներ առաջ ծնողներն իրենց սխալ մտածողության պատճառով մեկուսացնելով, անտեսելով իրենց իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, խախտում էին վերջիններիս իրավունքները: Այսօր, այդ պատնեշը հաղթահարված է, բայց դեռ մտածելակերպի փոփոխության կարիքը կա»,-ավելացրեց Լուսինե Գինոսյանը:
 
Արմենուհի Մխոյան ԱՐՄԵՆՊՐԵՍ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58