Տպել
Նորություններ
Էպոսը՝ մշակութային ինքնության պահպանման միջոց
26.09.2014
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ն, Քանդակագործության ազգային պարկ թանգարանի մասնակցությամբ՝ ս. թ. օգոստոսի 1-ից սեպտեմբերի 26-ն անցկացնում է «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբար» ծրագիրը: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական մրցույթը, որին մասնակցել են 12-14 տարեկան շուրջ 200 երեխա՝ մրցելով տարբեր ստեղծագործական ժանրերում՝ անիմացիոն ստեղծագործությունների, գրական, երաժշտական և կերպարվեստի: Եզրափակիչ փուլում մարզերում հաղթող ճանաչված երեխաների համար սեպտեմբերի 24-26-ը կազմակերպվեց եռօրյա վրանային ճամբար-հավաք: Ճամբարներից մեկը կազմակերպվեց Գյումրու ,,Քանդակի պուրակում,,, որի ժամանակ իրականցվեցին մի շարք դասախոսություններ էպոսի թեմաներով, տարբեր ժանրերի վարպետության դասեր, գեղարվեստական աշխատանքների ցուցադրություն և մրցանակային ստեղծագործությունների ընտրություն: Մասնակիցները երեք օր անցկացրեցին Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի պուրակում, որտեղ սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ մեկնարկային հավաքը: Սեպտեմբերի 25-ին երեկոյան, Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի բլրի վրա վառվեց ստեղծագործական ճամբարի մեծ խարույկը: Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը և վկայականների հանձնումը: «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբար ծրագրի նպատակն էր էպոսի մշակութային դրսևորումների բազմազանության զարգացումը, երեխաների մեջ էպոսի թեմայով ստեղծագործական ներուժի խթանումը, երեխաների ազգային-հայրենասիրական դաստիարակությունը, էպոսի միջոցով մշակութային ինքնության պահպանումը և սերունդներին փոխանցման ապահովումը: