Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արդարադատության նախարարի այցը Գյումրի

18.10.2014

 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով վաղ առավոտից Գյումրիում էր: Նա իր ծննդավայր աշխատանքային այցը սկսեց Շիրակի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպմամբ: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի աշխատասենյակում պարոն նախարարն ընդունեց տարբեր խնդիրներ ու բողոքներ ունեցող թվով 7 քաղաքացիների: Նրանցից մեծ մասի բողոքը վերաբերում էր բնակարանային խնդրին: Հարությունյանը Ծաղիկը բողոքեց, որ իր հայրը, տուն ստանալով Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասում, չի հասցրել բնակարանը սեփականաշնորհել: Քաղաքացին մահացել է, քաղաքաշինության նախարարությունն էլ հաշվի չի առնում, որ մարդը ժառանգ ունի, բնակարանը հետ է վերցնում: Հարություննյանների ընտանիքը բազմանդամ է և ապրում են տնակում, դա էլ հաշվի չեն առնում: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը նշեց, որ նման դեպքերը մեծ թիվ են կազմում Գյումրիում, և սա լուրջ խնդիր է: Փոխմարզպետն ասաց, որ վերջին անգամ շահագործման հանձնված 1056 բնակարանից 6-ն արդեն հետ են վերցրել, քանի որ բնակարան ստացած միայնակ ծերերը մահացել են, նրանց ժառանգներն, չնայած դիմել են դատարան, սակայն  չեն կարող շահել դատերը, քանի որ բնակարանները սեփականաշնորհված չեն եղել, և ժառանգության իրավունք այդ պարագայում չի գործում:
Արդարադատության նախարարը ուշադրությամբ լսեց բոլոր բողոքավորների, պատրաստակամություն հայտնեց փորձելու ինչ-որ կերպ օգնել, հանձնարարականներ էր տալիս իր տեղակալին վերցնել քաղաքացիների մոտ եղած փաստաթղթերը` խնդիրն առավել խորությամբ ուսումնասիրելու համար : Երևանի պետական համալսարանի իրավաբանական կրթություն ստացած Ռիտա Նարոյանը նախարարին խնդրեց իր գլխավորած համակարգում աշխատանքի տեղավորել իրեն: Վերջինս նախարարին ներկայացրեց իր աշխատած կառույցների անունները, սակայն ներկա պահին գործազուրկ է: Քաղաքացիների ընդունելությունից հետո պարոն Մանուկայնը պատասխանեց լրագրողների հարցերին:
Նախարարի այցելության հաջորդ կանգառն իր ուսուցչի տանն էր:
Հովհաննես Մանուկյանը սովորել է Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 դպրոցում, ուսուցչի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում առանձնակի շնորհավորել էր իր պատմության ուսուցչին` Արթուր Նիկողոսյանին` նշելով, որ պիտի գա Գյումրի և հանդիպի նրան: Նրանց խոսակցությունը ծավալվեց երկրաշարժի թեմայի շուրջ, քանի որ աղետը տեղի էր ունեցել հենց պատմության դասին: Նախարարը հիշեց, թե ինչպես երիտասարդ ուսուցիչը աշակերտներին ցնցումների ժամանակ հորոդորել է խուճապի չմատնվել ու չշարժվել տեղից: «Սկզբում երկու խոշոր ցնցում եղավ, ասացիք` հանգիստ, հանգիստ, ոչ մեկը չշարժվի, ու ոչ մեկը չշարժվեց: Երբ երկրորդ ցնցումը եղավ, նորից ասում էիք` հանգիստ, բայց ես առաջինը դուրս եկա», -ուսուցչին ծիծաղելով պատմում էր Հովհաննես Մանուկյանը: Նախարարն այդ ժամանակ եղել է 10-րդ դասարանում: Նա ցավով նշեց, որ երկրաշարժի պատճառով իր հազարատ դպրոցը չավարտեց, այլ տեղափոխվեց այլ քաղաք: Նախարարը նաև հիշեց, երբ դուրս եկավ դպրոցից, շոկի մեջ ընկավ`տեսնելով դիմացի մանկապարտեզը փլված : Լրագրողներից մեկի` Արթուր Նիկողոսյանին ուղղված այն հարցին, թե ինչպիսի՞ աշակերտ էր Հովհաննես Մանուկյանը, գո՞հ էր նրանից, ուսուցիչն ասաց. «Դեմերես ասեմ` գոհ եմ, նախ դպրոցն էր լավը, քաղաքն էր լավը, մարդիկ են լավը, չեմ ասում մյուս տեղերում վատն են…»: Ի դեպ, Արթուր Նիկողոսյանը երկրաշարժից հետո այլևս դպրոցում չի աշխատել, նա այժմ դասավանդում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնում: Նախարարն, իր հերթին, բնութագրելով իր պատմության ուսուցչին, ասաց. «Երիտասարդ ուսուցիչ էր ու առաջինը, որ իմ մոտ տպավորվեց, առաջին անգամ էր, երբ որ ուսուցիչը մտավ և դասի ժամանակ անեկդոտ պատմեց: Այսինքն, բացի թեման մատուցելուց, դասեր հարցնելուց , արտառոց մի բան եղավ, որ մինչ այդ չէր եղել, սիրեցինք թե ուսուցչին, և թե պատմությունը»: Արդարադատության նախարարը դատապարտյալների կողմից սարքած թզբեհ ու ծխամորճ նվիրեց Արթուր Նիկողոսյանին: Վերջինս էլ իր հերթին պատմական Նեմրութ սարից բերած հուշանվեր նվիրեց իր աշակերտին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Գյումրիում մասնակցեց Գյումրու քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում էլեկտրոնային համակարգի ներդրման պաշտոնական գործարկմանը: Նշենք, որ այս համակարգն առաջինը ներդրվել է Գյումրիում ` Եվրոպական միության աջակցությամբ և արդեն մեկ տարի է` կիրառվում է: Այդ իրադարձությանը մասնակից էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նախարարն ու փոխնախարար Սուրեն Քրմոյանը բավական մանրամասն ներկայացրեցին համակարգի առավելությունները, այս համակարգը քաղաքացիներին կազատի ավելորդ փաստաթղթատարությունից: Այս կերպ ավելի հեշտությամբ և ավելի կարճ ժամկետում կտրամադրվեն ծննդի, որդեգրման, հայրության ճանաչման, ամուսնության, ամուսնալուծության, անվանափոխության և այլնի մասին տեղեկանքներ: Եղան մի քանի ելույթներ, վերջում ձայն տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետն, իր խոսքն ուղղելով Եվրամիության պատվիրակության ղեկավարին, հորդորեց նրան բոլոր նման ծրագրերը մեկնարկել Գյումրիից: «Մեր նախարարը նույնպես ծնունդով գյումրեցի է, և նա համաձայն կլինի, որ բոլոր մեկնարկները տրվեն Գյումրիից »,- ասաց Սամվել Բալասանյանը:
Նախարար Հովհաննես Մանուկյանը, որն արդեն իսկ ավարտել էր իր ելույթը այս իրադարձության շուրջ, շարունակեց Սամվել Բալասանյանի խոսքը: «Ես իմ խոսքի մեջ, որ ասացի՝ Գյումրին պատահական չէր ընտրված, պատահական չէր, մի բան պիտի ասեմ, որ բոլորդ գիտեք ու բոլորդ ուրախանալու եք` իսանը ուրդի՞ց կեղնի ( սա գյումրեցիներին հատուկ խոսք է, որի գրական տարբերակն է` մարդը որտեղի՞ց է լինում ): Էս, իհարկե, հումորով, բայց անկախ ամեն ինչից, անկախ այս ծրագրի կարևորությունից, մենք պետք է Գյումրի քաղաքը շեշտադրենք, որովհետև Գյումրին այսօր ունի ուշադրության կարիք, Գյումրին մեր երկրորդ մայրաքաղաքն է: Եվ դա նաև կառավարության ծրագիրը, ներքաղաքականությունն է տարածքային զարգացման, տարածքային ամրապնդման, որ մեր ազգի հույսը միայն Երևանը, մայրաքաղաքը չլինի», -ասաց նախարարը:
Նունե Արևշատյան. ԱՌԱՎՈՏ


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38