Նորություններ
Հառիճ համայնքում անցկացվեց հոգևոր երգի մարզային փառատոն
19.10.2014
Հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Հառիճ համայնքում անցկացվեց հոգևոր երգի մարզային փառատոն` նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակին: Փառատոնին մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, մարզպետարանի կրթության, առողջապահության վարչության պետերը, Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, հյուրեր մայրաքաղաքից և մարզի մյուս բնակավայրերից:
Հայաստանում իր բնույթով եզակի հոգևոր երգերի մարզային փառատոնին մասնակցեցին շուրջ երեք հարյուր երեխաներ, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Ազատան, Ամասիա համայնքների երաժշտական, արվեստի և հանրակրթական դպրոցների մանկական երգչախմբերն, ինչպես նաև Արթիկի թեմի <Սաղմոս> երգչախումբը, անհատ կատարողներ:
Հոգևոր երգերի փառատոն անցկացնելու նախաձեռնությունը <Արվեստը հանուն խաղաղության> ՀԿ-ինն է: Շիրակի մարզպետարանը ողջունել է մտահղացումն ու աջակցել դրա կայացմանը, միջոցառման կազմակերպիչներից է նաև <Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա> ՀԿ-ը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Ինչպես նշում է փառատոնի կազմակերպիչներից Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը փառատոնի գլխավոր նպատակը հայ հոգևոր երաժշտության զարգացումն է` մանկական երգճախմբային ներուժի համախմբման շնորհիվ: <Փառատոնը խնդիր ունի ազգային արժեքների գիտակցման բարձրացման, հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինելու հայկական հարցի լուծմանը>,-ասում է Գոռ Մարգարյանը:
Նշենք, որ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ փառատոնը կկրի ավանդական բնույթ և կդառնա հանրապետական: