Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահը մասնակցեց Գյումրու ,,Վարդուհի,, արվեստի դպրոցի բացման արարողությանը

22.10.2014

 

Հոկտեմբերի 22-ին Գյումրու ,,Օյունջյան,, կրթահամալիրի հարևանությամբ տեղի ունեցավ Ազգային բարերար Հովհաննես (Ջոն) Օյունջանի անձնական միջոցներով կառուցված, բարերերի քրոջ անունը կրող <<Վարդուհի>> արվեստի դպրոցի հանդիսավոր բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Գյումրի էին ժամանել  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Աշոտ Աղաբաբյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, այլ պաշտոնատար անձինք, երաժիշտներ: ՀՀ Նախագահին աղ ու հացով դիմավորելուց և ,,Օյունջյան,, հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաջիկյանի ողջույնի խոսքից  հետո, արվեստի դպրոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց բարերարին` Հովհաննես Օյունջյանին և ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Դպրոցի նախասրահում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնության արարողությունից հետո, ՀՀ Նախագահը և նրան ուղեկցողները շրջեցին դպրոցում:
Կարճատև շրջայցից հետո ՀՀ Նախագահը և նրան ուղեկցողները, նորակառույց դպրոցի դահլիճում մասնակցեցին մեկ այլ հաճելի միջոցառման: Նախ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ,,Օյունջյան,, հիմնադրամի խորհրդի նախագահ Եզնիկ Բալյանը, ապա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր ելույթից հետո Հովհաննես Օյունջյանին շնորհեց մարզի ,,Պատվավոր քաղաքացու,, կոչում և հանձնեց նվեր: ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը բարերարին հանձնեց նախարարության ,,Ոսկե մեդալը,,: Բարերարի շնորհակալական պատասխան խոսքից հետո  տրվեց փոքրիկ համերգ Հովհաննես Օյունջյանի պատվին:
Ազգային բարերար Հովհաննես (Ջոն) Օյունջյանը ծնվել է 1922 թ. Թուրքիայում: 22 տարեկան էր, երբ Ստամբուլում բժշկական բարձրագույն կրթություն ստացած հայորդին տեղափոխվեց ԱՄՆ և արդեն մի քանի տասնամյակ ապրում ու աշխատում է Նյու Յորքում: 1988 –ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո, անսալով իր սրտի ու արյան կանչին, շտապեց Հայրենիք` աջակից լինելու իր հայրենակիցների ցավին ու բազում կարիքներին:
Այցելելով Գյումրի և տեսնելով հիմնիվեր կործանված բնակելիներն ու ուսումնական հաստատությունները ` վերադարձին նա որոշում ընդունեց հիմնովին վերակառուցել կործանված դպրոցներից մեկը: Ընտրությունը կանգ առավ Տեքստիլագործների թաղամասում գտնվող թիվ 21 միջնակարգ դպրոցի վրա, որից միայն դիմապատն էր մնացել: 2000թվականի սեպտեմբերին կատարվեց ուսումնական նշյալ հաստատության նոր շենքի բացումը, որն այդուհետ սկսեց կոչվել <<Օյունջյան>> վարժարան: Վերջինս այսօր ՀՀ առաջատար դպրոցներից է, որտեղ ուսանում են 600-ից ավելի աշակերտներ:
Անցնող տարիներին ևս 3 մասնաշենք, դարձյալ ազգային բարերարի ֆինանսական աջակցությամբ, շարք մտավ` սովորական դպրոցը վերածելով տպավորիչ ուսումնական համալիրի: Բացի շինարարական աշխատանքներից բարերարը մշտապես հոգ է տանում նաև դպրոց – վարժարանի շրջանավարտ սաների բարձրագույն կրթությունը կազմակերպելու մասին: Նրա նյութական աջակցությամբ արդեն հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն ` ձեռք բերելով ամենատարբեր մասնագիտություններ:
Չբավարարվելով արածով`Օյունջյանը հիշյալ դպրոցի հարևանությամբ 2013-ին նախաձեռնեց <<Վարդուհի>> արվեստի դպրոցի կառուցումը, որը եռահարկ շինություն է, զբաղեցնում է շուրջ 1400քառ. մետր տարածք և բոլոր հարմարություններն ունի գյումրեցի փոքրիկների գեղագիտական դաստիարակությունը բարձր մակարդակով իրականացնելու ուղղությամբ: Այն նեռարելու է կերպարվեստի, երաժշտության ու դասական պարի բաժիններ և գործելու է բարեգործական հիմունքներով `անվճար կրթությամբ ապահովելով հարյուրավոր օժտված սաների: Ավելացնենք, որ շինարարությունից զատ պրն. Օյունջյանն է ստանձնել արվեստի նոր դպրոցի կահավորումը, անհրաժեշտ բոլոր պիտույքների ու սարքավորումների ձեռքբերումը և շրջակայքի բարեկարգումը: Առ այսօր միայն այս շինության վրա կատարված ընդհանուր ծախսը հատում է շուրջ 1 մլն 250 հազար դոլարի սահմանագիծը:
Հարկ է նշել նաև, որ Հովհաննես (Ջոն) Օյունջյանը   Գյումրու Պատվավոր քաղաքացի է, պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան , <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի >> մեդալներով, ՀՀ Վարչապետի `Հուշամեդալով և ՀՀ ԿԳՆ Ոսկե մեդալով:            

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58