Տպել
Նորություններ
Ասուլիս Շիրակի մարզպետարանում
06.11.2014
Ասուլիս Շիրակի մարզպետարանում
Հոկտեմբերի 6-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում, աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, մարզում գործող և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով բնակչությանն իրազեկելու, Գյումրու երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների տրամադրման վերաբերյալ, ՀՀ Կառավարության հոկտեմբերի 2-ի թիվ 1151-Ն որոշման մասին: Պարոն Մարգարյանը նախ ներկայացրեց որոշման դրույթները, համաձայն որի.
Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որպես ֆինանսական աջակցություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 1,500,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշման 4-րդ կետով հատկացված գումարի` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 26-ը չօգտագործված միջոցները մինչև 2014 թվականի դեկտեմբերի 27-ը, որպես կանխավճար, փոխանցել այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված արտաբյուջետային (ավանդային) հաշվին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային (ավանդային) հաշիվ՝ մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը ժամկետով, սույն որոշման 4-րդ կետով կատարված հատկացումների ֆինանսավորումը 2015 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով:
Սահմանել, որ՝
1) վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքներին) վկայագիրը տրամադրվում է նրանց կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայասատանի Հանրապետության Շիրակի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա՝ զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 5.1-ին, 5.2-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու պայմանով.
2) վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
3) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված: Վկայագիր ստացած, սակայն բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող՝ բնակարանի գնման վկայագրից հրաժարված, կամ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց (ընտանիքներին)՝
ա. վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով նախատեսված հերթականության համաձայն,
բ. վկայագրերը և դրանց միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.
2) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ ծրագրի շահառու ճանաչված անձանց (ընտանիքներին) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապարակված՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի՝ 2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շահառու ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված ցուցակներում ընդգրկված անձանց (ընտանիքների) միասնական ցուցակը:
Պարոն Մարգարյանը որոշումը մանրամասն ներկայացնելուց հետո տեղեկացրեց նաև շահառուներին տրամադրվող գումարի չափը, որը հաշվարկվել է շուկայական գներին համապատասխան` 1քառ.մետրը 109.300 դրամով, համաձայն որի, շահառուներին տրամադրվող ԲԳՎ արժեքը հետևյալն է.
Մեկ սենյականոց - 4 մլն. 900 հազար դրամ
Երկու սենյականոց – 6 մլն. դրամ
Երեք սենյականոց - 7 մլն. 100 հազար դրամ
Չորս սենյականոց - 8 մլն. 200 հազար դրամ
Պարոն Մարգարյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին. Մասնավորապես.
- Արդյոքհաշվի առնվել են այնպիսի միջոցներ, որ շահառուները գումարը դուրս չբերեն և կրկին մնան անօթևանի կարգավիճակով.
- Այո, ի տարբերություն նախորդ ծրագրի, երբ շահառուի և բնակարան վաճառողի միջև գործարքն իրականացվում էր 80-20 հարաբերությամբ, որտեղ ակնհայտ չարաշահման դեպքեր հիմնավորվեցին, այսինք, քաղաքացին չպահանջեղ գումարի 20 տոկոսը, այս ծրագիրը կիրականացվի 60-40 հարաբերակցությամբ, այսինքն խիստ նվազում է գործարքի հավանականությունը, եթե դրան ավելացնենք, որ մինչև չազատվի տարածքը ժամանակավոր կացարանից, 40 տոկոսի խնդիր չի դրվի:
- Արդյոք ԲԳՎ ծրագրի հետ բնակարանների գների բարձրացում չի նկատվի.
- Ենթադրաբար ոչ, քանզի դրանց գները հենց շուկայականով են հաշվարկված և կլինեն վերահսկելի:
-Եթե բնակիչը կրկին չի կարողանա տրված գումարով ձեռք բերել բնակարան, ինչ կլինի այդ քաղաքացու վիճակը.
- Որոշման համաձայն, քաղաքացին կմնա անօթևանների հերթացուցակում, և հնարավորություն կունենա օգտվել միայն որևէ մեկ այլ պետական ծրագրից.
-2015 թվականի պետական բյուջեն քննարկելիս, Գյումրիում բնակարանաշինության համար գումարներ նախատեսված չեն.
-Այո, Գյումրիում կա բավարար քանակությամբ բնակարան ԲԳՎ ծրագրի իրականացման համար, բացի այդ ԲԳՎ ծրագիրը, բնակարան ձեռք բերելու համար չունի սահմանափակում, բնակարան կարելի է ձեռք բերել հանրապետության ցանկացած բնակավայրում:
Վերջում միայն ավելացնենք, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում, շահառուների ցուցակները ստանալուն պես, ծանուցագրեր կուղարկվեն շահառուներին, ինչ մասին տեղեկատվություն կտրամադրվի տեղական հեռուստաընկերությունների միջոցով, իսկ ամբողջ գործընթացը պարբերաբար կլուսաբանվի բնակչության լիարժեք իրազեկման ապահովման նպատակով: