Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսների շարքը

13.11.2014

 

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստերին կից սրահում տեղի է ունեցել «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի ամփոփիչ փուլը: Նշենք, որ Ազգային ժողովի նախաձեռնած ցուցահանդեսների շարքն անցկացվել էր հանրապետության տարբեր մարզերում եւ Արցախում՝ արժանանալով արվեստասեր ու շնորհալի երիտասարդների ուշադրությանը: Եվ այժմ Ազգային ժողովում ցուցադրվում են այն ստեղծագործությունները, որոնք, արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին, իրենց տեղն են գտել խորհրդարանում: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հանդիպելով ցուցահանդեսի մասնակիցների հետ, շնորհավորել է նրանց ցուցահանդեսին մասնակցելու եւ հանրապետական փուլ անցնելու առթիվ:
Այնուհետեւ մեծ շուքով բացվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի ամփոփիչ փուլը: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, նկարիչներ: Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ յոթ ամիս առաջ սկսված ծրագիրը մոտենում է ավարտին: Կազմակերպիչների նպատակն է եղել Սերգեյ Փարաջանով արվեստագետի, ազատամիտ քաղաքացու արվեստը, ուղերձները հասցնել երիտասարդներին, խթանել նրանց ստեղծագործական ներուժը: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են հանրապետության տարբեր մարզերում, Արցախում եւ Երեւանում ցուցահանդեսների կազմակերպմանը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով ամիսներ շարունակ թանգարանի դռները բացել է ցուցահանդեսի մասնակիցների առջեւ՝ ծանոթացնելով երեխաներին մեծ արվեստագետի ստեղծագործությանը, իր խոսքում նշել է, որ երեխաներին բնորոշ է համարձակությունն արվեստում: Նրանք լիովին զգացել եւ արտացոլել են իրենց գործերում Փարաջանովի արվեստի բազմազանությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ամփոփելով միջոցառումը, շնորհավորել է երեխաներին, նրանց ուսուցիչներին եւ կազմակերպիչներին՝ նշելով, որ ծրագրի իրականացման գաղափարը ծնվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք: Նա կարեւորել է ցուցահանդեսի ամփոփումն Ազգային ժողովում՝ համարելով, որ այսպիսով հարգանքի տուրք է մատուցվում մեծ արվեստագետի հիշատակին:
Ցուցահանդեսների շարքի կազմակերպիչ Մարինե Հակոբյանը նշել է, որ երեխաների աշխատանքները շուրջ մեկ ամիս կցուցադրվեն Ազգային ժողովում:
Այնուհետեւ մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:
Առաջին մրցանակի է արժանացել Արթուր Ասատրյանը Արցախից, երկրորդ մրցանակի՝ Աննա Սմբատյանը Երեւանից, իսկ երրորդ մրցանակ ստացել է Տավուշցի Անի Ղոչիկյանը:
ԱԺ անվանական ժամացույցներ եւ շնորհակալագրեր են հանձնվել նաեւ  մրցանակներ ստացած երեխաների ուսուցիչներին: Ցուցահանդեսների շարքի կազմակերպիչ Մարինե Հակոբյանը նշել է, որ երեխաների աշխատանքները շուրջ մեկ ամիս կցուցադրվեն Ազգային ժողովում: 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58