Տպել
Նորություններ
«Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում»
19.11.2014
2014 թվականի նոյեմբերի 19-ին, «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին «Բնական և տեխնածին աղետներ» խորագրով նկարչական մրցույթում հաղթող ճանաչված նկարները: Հարկ է նշել, որ Գյումրու թվով 4 դպրոցներից մրցույթին մասնակից 12 դասարաններից յուրաքանչյուրից ընտրվել էր 3 հաղթող նկար, իսկ նկարների հեղինակները պարգևատրվել էին մրցանակներով: Ցուցահանդեսին ներկա էին Եվրոխորհրդի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության Ալմաթիի գրասենյակի ղեկավար Սրդան Ստոյանովիչը, Վրաստանի գրասենյակի ներկայացուցիչ Կետևան Լոմսաձեն, ԱՌՆ ծրագրի տարածաշրջանային ղեկավար Թիմ Մքիներնին: Միջոցառմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ Շիրակի մարզպետարանից, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությանից, ՀԿԽԸ աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի ղեկավար Էդմոն Ազարյանը, մրցույթում հաղթող ճանաչված երեխաները իրենց ծնողների հետ:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված 36 նկարները հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն և մի շարք հարցեր առաջացրեցին, որոնց մեծ ոգևորությամբ պատասխանում էին աշակերտները: Ցուցահանդեսի վերջում բոլոր ներկաները իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին մրցույթի կազմակերպիչներին՝ նշելով դրա կարևորությունը և նպատակային լինելը երեխաների շրջանում աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ գիտելիքների ամրապնդման և զարգացման հարցում: ՀԿԽԸ աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի ղեկավարի կողմից տեղեկացվեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է տպագրել 2015թ.-ի օրացույց, որտեղ պատկերվելու են նկարչական մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նկարները:
Նույն օրը կազմակերպվեց մշտադիտարկման այց «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շահառու հանդիսացող Բենիամին համայնք, որտեղ տեղի ունեցավ հանդիպում համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի և ծրագրի շրջանակներում հիմնված և ուսուցանված համայնքային կամավորական արձագանքման թիմի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունքները, ձեռքբերումները և պլանավորված գործողությունները: