Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ շուքով բացվեց Գյումրու Հայորդաց Տունը

04.12.2014

 

Դեկտեմբերի 4-ին մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ Գյումրու Հայորդաց տան բացման արարողությունը, որին իր մասնակցությունն էր բերել Վեհափառ Հայրապետը: Վեհափառ Հայրապետին աղ ու հացով դիմավորելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Գյումրու Հայորդաց տան ժապավենը կտրելու պատիվը տրվեց Վեհափառին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Հայորդաց տան նախասրահում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և այլ Սրբազան հայրերի մասնակցությամբ աղոթեցին Հայորդաց տան մուտքը, որից հետո տեր Կոմիտասի ուղեկցությամբ Վեհափառը և նրան ուղեկցողները շրջայց կատարեցին հիմնանորոգումից նոր շահագործման հանձնված նախկին Սպայի տանը: Երկրաշարժից հետո Սպայի տունը, ինչպես և շատ ու շատ նմանատիպ կառույցներ, որոնք թեև չավիրվեցին ամբողջությամբ, սակայն չլինելով պատշաճ ուշադրության կենտրոնում վերածվեցին ավերակների: Վեհափառ Հայրապետի 2000 թվականին Շիրակի մարզ Հովվապետական այցի  ժամանակ այցելել էին Գյումրու Պիոներ պալատը, որը երկրաշարժից հետո գործում էր տնակների մեջ: Հենց այդ պահից Վեհափառի մոտ միտք էր հղացել Գյումրիում նույնպես ունենալ Հայորդաց տուն, բայց որտեղ, սա էր գլխավոր հարցը: Հարցի լուծմանն օգնել էր մարզպետը ուղորդելով Վեհափառին ավերված Սպայի տուն: Նախ դիմել էին ՌԴ զորամիավորում, իրենց ենթակայության կառույցը հայկական կողմին փոխանցելու համար: Ռուսական կողմն այն փոխանցել էր մեր ՊՆ հաշվեկշիռ, որտեղից էլ այն ժամանակվա նախարար, ներկայիս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նվիրատվություն էր արել Մայր Աթոռին և 2007 թվականին սկսվեց Հայորդաց տան շին աշխատանքները: Այո, աշխատանքները մի փոքր երկար տևեցին, նախ ֆինանսական միջոցների, ապա շինարարի փոփոխման հետ կապված: Ինչպես իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդը, Վեհափառի խիստ և պահանջկոտ մոտեցումը վերահսկում էր շինարարության յուրաքանչյուր քառակուսի մետրը, ինչն էլ տվեց իր դրական արդյունքը, չնայած, որ արդեն իր ելույթում Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ շրջայցի ժամանակ նկատել է մի քանի բացթողումներ, որոնք ենթակա են շուտափույթ վերացման, քանի որ Հայորդաց տունը նախատեսված է երեխաների համար, և այն չի կարող լինել, թեկուզ մասնակի թերություններով: Շրջայցից հետո միջոցառման մասնակիցները ունկնդիր եղան Հայորդաց տան սաների պատրաստած փոքրիկ համերգին: Ողջույնի և շնորհակալական ելույթով հանդես եկավ Շիրակի մարզպետը, կարևորելով տան դերն ու նշանակությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում: Հայորդաց տանը մարզպետի կողմից տրվեց ձմռան Գյումրու Յոթ Վերք եկեղեց բնապատկերով նկար, որը փոխանցելով մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը կատակով նշեց, -սա մարզպետը չի տալիս նրա համար, որ Հայորդաց տան հյուրընկալ հարկի տակ տեղ գտան նաև Գյումրու Ժողովրդական գործիքների և Սիմֆոնիկ նվագախմբերը, որոնք չունեին հարմարավետ պայմաններ գործելու համար: Իր շնորհակալությունը հայտնեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով դիմելով Վեհափառին, խնդրեց վերականգնել նախկին մշակույթի տանը գործած գրադարանը, խոստանալով նույնիսկ գրադարանավարի աշխատավարձը տալու քաղաքապետարանի բյուջեից: Խնդրանքն ընդունվեց և այն առաջիկայում կիրականացվի: Միջոցառման ավարտին Վեհափառ Հայրապետը կրկին շնորհավորեց բոլորին այդ գեղեցիկ կառույցի երկրորդ անգամ կյանքի կոչվելու կապակցությամբ և ցանկացավ մեկ բան, որ այնտեղ հաճախող երեխաները լավ մարդ դառնան, արժանի մեր հասարակությանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58