Նորություններ
Շիրակի մարզում վերաբացվեց ևս մեկ եկեղեցի
10.12.2014
Դեկտեմբերի 10-ին վերանորոգումից ու վերակառուցումից հետո, Արթիկի թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ օծվեց Վարդաքարի ,,Սուրբ Խաչ,, եկեղեցու խաչը և եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը: Օծվելուց և խաչը տեղադրվելուց հետո եկեղեցում սրբազանի ձեռամբ տեղի ունեցավ եկեղեցու վերանորոգման ու վերակառուցման բարերա Ջանիկ Սարգսյանի մկրտության արարողությունը: Եկեղեցու խաչի օծման արարողության ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյան, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքապետեր, գյուղի բնակիչներ:
,,Սուրբ Խաչ,, եկեղեցու վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին շուրջ վեց ամիս առաջ՝ ՌԴ-ում բնակվող, ծնունդով Վարդաքարից Ջանիկ Սարգսյանի տրամադրած շուրջ 25 հազար դոլար գումարով: Գյուղը գործող եկեղեցի ունեցել է դեռևս 1828 թվականին, որը հետագայում դադարել է գործելուց, և ինչպես շատ եկեղեցիներ վերածվել պահեստի: Երկրաշարժից հետո գյուղացիները եկեղեցին կրկին վերածել են աղոթատեղի, սակայն առանց խաչի ու զանգի: Այսօր կրկին հնչեցին եկեղեցու զանգերը, և ,,Սուրբ Խաչ,, եկեղեցին կրկին իր դռները բացեց հավատավոր ժողովրդի առջև:
Վարդաքրցիներին շնորհավորեցին Արթիկի թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, բարերա Ջանիկ Սարգսյանը, համայնքի ղեկավար Գալուստ Ավետիսյանը: Բոլորը միաբերան նշեցին այն կարևոր հանգամանքը, որ ժողովուրդը և իշխանություններն ամբողջությամբ դարձել են դեպի եկեղեցի, և ավելի մեծ թափ է ստացել եկեղեցաշինությունը՝ կիսաքանդ եկեղեցիների վերանորոգման և վերակառուցման Աստվածահաճո գործընթացը: Միջոցառման ավարտին եկեղեցու բկում մատուցվեց սուրբ մատաղ: