Տպել
Նորություններ
Էներգաարդյունավետության բարձրացման համատեղ ծրագիր «Մեղվիկ» կենտրոնում
11.12.2014
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի (ՄԷՋԾ) և իր գործընկերների կողմից նշվեց Գյումրի քաղաքի «Մեղվիկ» ՀԿ-ի էներգաարդյունավետության բարելավման ծրագրի ավարտը: Ծրագիրն իրականացվել է «Շենքերի էներգաարդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ ԳԷՖ ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ ուժերով՝ «Մեղվիկ» կենտրոնի համար կայուն էներգաարդյունավետ լուծումներ ապահովելու և շենքի շահագործման ծախսերը նվազեցնելու նպատակով:
Շենքի կառուցման ընթացքում պատշաճ կերպով հաշվի չի առնվել էներգաարդյունա-վետության գործոնը, որի հետևանքով ձմռան ամիսներին շենքի շահագործումն ահռելի ծախսեր է առաջացրել «Մեղվիկ» ՀԿ-ի համար: Էներգիայի նշանակալի կորուստների պատճառով, շենքի տարածքի մեծ մասը ձմռան ամիսներին չի օգտագործվել: Էներգիայի կորուստները կրճատելու նպատակով՝ երկու ծրագրերի համատեղ ջանքերով ջերմամեկուսացվել է շենքի տանիքը, կառուցվել են նոր միջնորմներ՝ առանձնացնելով բարձր և ցածր առաստաղով տարածքները, ինչպես նաև տեղադրվել է ճառագայթային ջեռուցման համակարգ շենքի հանդիսությունների սրահում: Միայն ջերմամեկուսացման և ներքին փոփոխությունների շնորհիվ՝ մոտ 50%-ով կկրճատվեն էներգիայի կորուստները: Նախնական գնահատումների համաձայն, տարեկան խնայողությունները կկազմեն 2100 ԱՄՆ դոլարից փոքր-ինչ ավելի:
«Մեղվիկ»-ում իրականացված ծրագիրն ունի մեծ սոցիալական ազդեցություն և նշանակություն: Գյումրի քաղաքի անապահով ընտանիքների ավելի քան 300 երեխաներ հաճախում են կենտրոնում կազմակերպվող տարբեր դասընթացներին, այդ թվում՝ շախմատ, համակարգչային մոդելավորում, ծրագրերի մշակում, համակարգչային դիզայն և արվեստ: Երեխաները ձեռք են բերում հմտություններ, որոնք կօգնեն նրանց ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Կատարված բարելավումների շնորհիվ կենտրոնն այժմ լիարժեք կգործի ամբողջ տարին, իսկ խնայողությունները կուղղվեն երեխաների այլ կարիքները հոգալու համար:
«Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի նպատակները միտված են Հայաստանում ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարման փորձի, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների բարելավմանը: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ՄԷՋԾ-ն իրականացնում է մի շարք ջրի և էներգաարդյունավետության ծրագրեր տարբեր գյուղական համայնքներում, որոնց նպատակն է ներկայացնել և տարածել էներգետիկ և ջրային համակարգերի կառավարման լավագույն փորձը: Ծրագրերն իրականացվում են ջրամատակարարման, էներգաարդյունավետ լուսավորության, ջեռուցման և ջրատաքացման, կենսագազի և արևային էներգիայի կիրառման ոլորտներում: