Նորություններ
Մեկնարկեց 2015 թվականի ձմեռային զորակոչը
08.01.2015
Հունվարի 8-ին Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքից մեկնարկեց 2015 թվականի առաջին զորակոչը: Առաջինը ոչ միայն Գյումրու այլև Արթիկի, Անիի և Ախուրյանի տարածաշրջանների համար: Ընդհանուր հաշվարկով այսօր Երևանի կենտրոնական հավաքակայան ուղևորվեցին մարզի 111 զորակոչիկ, Գյումրուց՝ 41, Արթիկից՝ 33, Ախուրյանից՝ 22 և Անիի զինվորական կոմիսարիատից 12 զորակոչիկ: Զորակոչիկներին ողջունելու և բարի ծառայություն մաղթելու համար Մայր Հայաստան հուշահամալիր էին եկել մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղինակ Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձինք, զորակոչիկների ծնողներ և բարեկամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Չնայած ահավոր սառը քամուն պաշտոնատար անձինք զորակոչիկների ճանապարհ դնելու համար փոքրիկ միջոցառում կազմակերպեցին: Մարզպետի անունից ելույթ ունեցավ մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, քաղաքապետի անունից՝ Վաղինակ Մխիթարյանը: Պաշտոնատար անձինք մաղթեցին զորակոչիկներին բարի ծառայություն, անամպ երկինք և ամենակարևորը խաղաղություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Զորակոչիկներին տերունական աղոթքով ճանապարհեց և իր բարեմաղթանքները հղեց Շիրակի թեմի տերհայրը: Չնայած աննախադեպ սառը քամուն, զորակոչիկներին ճանապարհելու էին եկել զինվորական փողային նվագախումբը և պարային համույթը: Փոքրիկ միջոցառման ավարտից հետո զորակոչիկներըն իրենց տեղերն զբաղեցրեցին ուղևորատար տրանսպորտում և ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ շարժվեցին մայրաքաղաք: Ընթացքում ճշտվեց նաև, որ Անիի ճանշինի աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել մարզի, հատկապես Լանջիկի հատվածը բաց պահելու ուղղությամբ: Անկախ եղանակային անբարենպաստ պայմաններից, մեր զորակոչիկներին մաղթենք բարի ճանապարհ, բարի ծառայություն և բարի վերադարձ: