Տպել
Նորություններ
Պաշտպանության նախարարի արտագնա խորհրդակցությունը Շիրակի մարզում
13.01.2015
Հունվարի 13-ին Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպում-խորհրդակցությունը Շիրակի մարզի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, համայնքների ներկայացուցիչներ, զինղեկներ, ինչպես նաև հասարակական կազամկերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ամփոփելով 2014-ը Սեյրան Օհանյանը նշեց, որ այն կարելի է ձեռքբերումների տարի համարել զինված ուժերի համար: Պաշտպանության նախարարը վստահորեն նշեց, որ հաջողությունների ու դրական փոփոխությունների հնարավոր է եղել հասնել միայն պաշտապնության հետևողական աշխատանքի արդյունքում: <Հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունն, այլև ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը: Այդ ամենի արդյունքն է ԶՈՒ-երում արտակարգ պատահարների 6%, հանցածին երևույթների հետևաքնով առաջացող միջադեպերի 8% և մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը>,- նշեց նախարարը:
Ըստ Սեյրան Օհանյանի` նշված արդյունքները գոհացուցիչ են, սակայն ձեռքբերումներով չպետք է բավարարվել, այլ պետք է համարել դժվար աշխատանքի մեկնարկ ու պետք է նոր եռանդով աշխատել 2015թվականին:
Ըստ Սեյրան Օհանյանի 2015թ. լինելու է բարեվարքության, ազգային ավանդույթների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի տարի: Պաշտպանության նախարարն հատուկ կարևորեց այս տարի զինվորական ոլորտի ներկայացուցիչների նախաձեռնողականությունը, ազատ որոշումներ կայացնելու կարողությունը:
Վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած, բարեխիղճ և օրինակելի ծառայության համար, ինչպես նաև փոխգործակցության ամրապնդման և բանակաշինության գործում ունեցած ավանդի համար մի շարք զինծառայողներ, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, նվերներով:
Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը փոխգործակցության ամրապնդման և բանակաշինության գործում ունեցած ավանդի համար համար պարգևատրվեց մարշալ Բաղրամյանի անվան մեդալով:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուշանվերներ հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, փոխադարձ հուշանվեր հանձնեց նաև Շիրակի մարզպետը` նշելով, որ ՀՀ Պաշտպանության նախարարին հանձնում է խաչ և մաղթում, որ 2015թվականը լինի անվտանգ ու անփորձանք տարի:
<Թող 2015-ին հայոց բանակը միշտ ձեռքբերումներ ունենա և ոչ մի կորուստ>,- խոսքն ավատեց Ֆելիքս Ցոլակյանը: