Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրագրողների հարցերին պատասխանում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը

29.01.2015

 

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հունվարի 29-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բանակի օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ հարցազրույցում ասաց, որ 102-րդ ռազմաբազայից սպաների փախուստի դիմելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա, ինքը մշտական կապի մեջ է թե 102-րդ ռազմաբազայի ղեկավարության, և թե սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, և ամեն մի նման տեղեկություն լսելուն պես, անմիջապես ճշտում է նրանցից: Ֆելիքս Ցոլակյանի կարծիքով, գյումրեցիների մոտ վախ ու խուճապ առաջացնող այդ խոսակցություններին վերջ դնելու մի ճանապարհ կա, այն է` անմիջապես կապվել Շիրակի մարզային ոստիկանության պետի հետ, նրանից իմանալ պատասխանը ու տարածել: Այլապես, ըստ մարզպետի, ստացվում է, որ ինչ-որ մեկը իր հիվանդ երևակայությամբ խաղում է խաղաղ մարդկանց զգացմունքների հետ, ասենք երեխաներին դպրոց են ճանապարհում ու հանկարծ նման տեղեկություններ լսում: Aravot.am-ը Շիրակի մարզպետից հետաքրքրվեց, մի՞թե ոստիկանական ուժերը Գյումրիում կենտրոնացնելը կատարվել է քաղաքի բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ լուրջ կասկածներ կան, թե Պերմյակովը մենակ չի գործել, այսինքն` ստացվում է , որ նրա հանցակիցները ազատության մեջ են: Մարզպետն ասաց, որ ինքը նման տեղեկությունների չի տիրապետում, ոստիկանության փոխարեն չի կարող պատասխանել: Ըստ մարզպետի, Պերմյակովի մենակ չլինելը վարկածներից մեկն է, կան այլ վարկածներ ևս, և դա պարզելը քննության գործն է, որին ինքը չի կարող խառնվել, միջամտել: «Ես իմանում եմ այն, ինչ իմանում եք դուք, որովհետև քննությունը կատարվում է, ընթացքի մեջ է , և եթե մի բան ավելի իմանում եմ, ապա խոսակցության մակարդակով, որևէ պաշտոնական բան ես չգիտեմ»: Իսկ ինչպե՞ս է գնահատում մարզպետը նախաքննության թափանցիկությունը, մի՞թե երկու շաբաթը բավարար չէր պատասխանելու այն հարցին` Պերմյակովը մենա՞կ է եղել, թե՞ այլ հանցակիցներ է ունեցել: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, նախաքննական մարմնի վրա ժամկետներ դնել պետք չէ` մեկ կամ երկու շաբաթ կամ տաս օր, անհրաժեշտ է ունենալ հստակ պատասխաններ , նոր տեղեկություն տրամադրել, այլապես «վռազեն մի բան ասեն, հետո հերքեն, չի կարելի այդպես»:


Նունե Արևշատյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38