Տպել
Նորություններ
Թուրքմենստանի մշակութային պատվիրակությունը Գյումրիում
28.03.2015
Մարտի 28-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում, մարտի 24-31-ը Հայաստանում անցկացվող ,,Թուրմենստանի մշակույթի օրեր,, միջոցառման մասնակից, Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակության ղեկավար, Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգուլ Աբդիևային: Ողջունելով հյուրերի և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, մարզպետը նշեց, որ կարևորում է նմանօրինակ հանդիպումները, քանզի ամենալավ շփումները մշակութային շփումներն են: <Հայ-թուրքմենական բարեկամությունը դարերի պատմություն ունի, մշտապես երկու ժողովուրդները բարիդրացիական հարաբերություններ են ունեցել և այժմ էլ դրանք բարձր մակարդակի վրա են: Ուրախ եմ, որ շփումներն ու գործակցությունը նաև մարզային մակարդակով է լինում>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Այնուհետև Շիրակի մարզպետը Թուրքմենստանից ժամանած հյուրերին ներկայացրեց Շիրակի մարզը, ընդգծելով, որ այն բացի Հայաստանի մշակութային` արհեստների և արվեստների կենտրոն համարվելուց, աշխարհահռչակ ճանաչում գտած մարզիկների դարբնոց է նաև:
<Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք էր հռչակվել, այս տիտղոսը պատվով պահեց, մշակույթը շիրակցիների մեջ է, սպորտում ձեռքբերումները շատ են, մենք ունենք աշխարհի, օլիմպիական չեմպիոններ>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգուլ Աբդիևան նախ շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության համար, այնուհետ նշեց, որ ինքն ուրախ է, որ Շիրակի մարզ այցելեց ու ավելի մանրամասն իմացավ այս մարզի մասին:
Իսկ Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակության համերգը Գյումրու Վ. Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնում, ըստ տիկին Աբդիևայի, կհաստատի մշակութային բարեկամության առավել սերտացումը: