Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌԴ պետական դումայի պատվիրակությունը Գյումրիում

29.03.2015

 

Մարտի 29-ին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Շիրակի մարզպետարանում հանդիպեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամներին: Ողջունելով պատվիրակության անդամներին նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացնելով ընդհանուր իրավիճակը պատվիրակության անդամներին դիմեց մի քանի հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու ակնկալիքով:
Եվ այն սկսեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տեղեկատվության տրամադրման մեղմ ասած ոչ լիարժեքության կամ պակասով պայմանավորված: - <Ինձ համար որպես Շիրակի մարզպետ ամենակարևոր խնդիրը անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրումն է, հասարակության պահանջն էլ նույնն է` գործի մասին մանրամասներ իմանալը: Մեզ դիմում են Ավետիսյանների հարազատները` տարատեսակ հարցերով, որոնց պատասխանը մենք չունենք, այն տեղեկատվությունը, որի գաղտնիությունը պարտադիր չէ` գործի բացահայտման շահերից դուրս գալով, կարելի է տրամադրել>, ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
 Շիրակի մարզպետն անդրադարձավ ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակին, նշելով, որ այժմ Գյումրիում հակառուսական որևէ տրամադրվածություն չկա: <Մեզ հետաքրքրում է նաև այն հանգամանքը, թե ինչ է տեղի ունեցել ռազմաբազայում, խոսքս ներքին կադրային փոփոխությունների, գործի առնչությամբ պատասխանատվության ենթարկվածների մասին է, տեղեկատվություն, ինչի վերաբերյալ մեծ հաշվով, հասարակությունը տեղյակ չէ, և այստեղից էլ գալիս է անհանգստությունը, միթե, ոչ մեկը չպատժվեց կամ պատասխանատվության չի ենթարկվել կատարվածի համար>,- նշեց մարզպետը:
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին պատասխանեց նշելով, որ համաձայն է Շիրակի մարզպետի հետ, այն մասով, որ թույլատրելի տեղեկատվության տրամադրումը կարևոր պայման է, իրենք այս հարցում առավել հետևողական են լինելու: Նա ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանականներից ձևավորված աշխատանքային խումբը ոճրագործության առաջին իսկ օրերից աշխատել է ստեղծված իրավիճակում համարժեք քայլեր ձեռնարկելու առնչությամբ: <Մենք  վստահ ենք, որ դուք միայն կարևոր խնդիրների մասին եք բարձրաձայնում, հասկանում եք գործի նրբությունները, հավատացեք մեզ համար ևս այս ցավալի դեպքը մեծ ողբերգություն է, որի մասին ոչ միայն մենք, այլ մեր սերունդները չեն մոռանալու: Ես կուզենամ վստահեցնել, որ այս գործի բացահայտմամբ առանձնակի շահագրգռվածություն ունի նախ ռուսական կողմը: Երեք օրը մեկ, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվում են գործի մանրամասները>,-ասաց Լեոնիդ Սլուցկին:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Օլեգ Լեբեդևն էլ ի պատսխան Շիրակի մարզպետի հարցման, ներկաներին տեղեկացրեց, որ 102-րդ ռազամաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել, և երկուշաբթի օրվանից կստանձնի նոր պաշտոնը: Օլեգ Լեբեդեւը խոսեց Ավետիսյանների գործի մասին ընդգծելով, որ այն բավական ծավալուն աշխատանք է պահանջում: Մինչ օրս հարցաքննվել է գործի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող 4000 մարդ, անցկացվել 19 տարատեսակ փորձաքննություն: <Շատերի մոտ հարց կծագի ինչու ենք այսքան շատ մարդու հարցաքննել, մեզ համար կարևոր չէ որքան մարդ, որքան ծավալուն աշխատանք, կարևորն այն է, որ գտնենք հանցագործության պատճառը, բացահայտվի գործի բոլոր մանրամասները>,- նշեց պարոն Լեբեդևը:
ՌԴ ԴԺ Պետական Դումայի նախագահի քարտուղարության խորհրդական Միխայիլ Կրոտովը բառացիորեն նշեց, - <Մենք  միայն մեր անունից  չէ, որ ներողություն ենք հայտնում կատարվածի համար, այլ ողջ դումայի անդամների անունից: Սա մեր ընդհանուր ողբերգությունն է, մենք ցավում ենք, հայտնում մեր ցավակցությունները հայ ժողովրդին, Ավետիսյանների հարազատներին և բարեկամներին: Մենք դեռ երկու ամիս առաջ այցելեցինք Հայաստան, Գյումրի և այն ժամանակ մեր գլխավոր նպատակը մեր զորակցությունը հայտնել էր ձեզ >,- նշեց Միխայիլ Կրոտովը:
Ձևավոր չմշկասահքի աշխարհի և օլիմպիական բազմակի չեմպիոն աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան, ով արդեն երկրորդ անգամ է այցելում Գյումրի ողբերգական դեպքից հետո, իր խոսքում նշեց, որ սա այն ցավալի դեպքն է, որի մասին այնքան էլ հեշտ չէ խոսել:<Այն բոլոր պահանջները, որ կան փորձ է արվում կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով: Մենք ցավում ենք, որ միջխորհրդարանական խումբն համատեղ աշխատում է այսօրինակ ցավալի դեպքի առնչությամբ>,-ասաց Ռոդնինան:
Քանի որ հանդիպմանը մասնակցում էր նաև ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն , Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ նաև միգրացիոն խնդիրներին, նշելով, որ շիրակցիների համար ՌԴ մեկնելու հետ կապված խնդիրների կարգավորումը չափազանց կարևոր է: Այնուհետև Շիրակի մարզպետը խոսեց Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում առկա կիսակառույց մի քանի շենքերի վերականգնման հարցերի մասին: Մարզպետի կողմից առնաձին շեշտադրումներ արվեցին 2013-ին Հայաստանում տեղի ունեցած բիզնես ֆորումին, որի ժամանակ ապագայի հետ կապված ձեռնարկներին է անդրադարձ կատարվել, Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց ներդրումային ծրագրերի հարցը, այս առումով ևս ծավալվեց բավականին բովանդակալից զրույց: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ այցելեցին Շիրակ գերեզմանատուն,  ծաղիկներ դրեցին և խնկարկեցին Ավետիսյանների շիրիմներին, մանրակրկիտ հարցազրույց տվեցին տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Գերեզմաններից պատվիրակությունն ուղևորվեց Պատվո բլուր հուշահամալիր: Այստեղ ևս ծաղիկներ դրվեցին զոհվածների հուշակոթողին, ապա հուշակոթողի հարևանությամբ եկեղեցում մոմ վառեցին բոլոր նահատակների հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22