Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ,,Վերածնունդ,, 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

15.04.2015

 

Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը հետագայում ևս կշարունակի հովանավորել երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լևոն Սարգսյանը: Կարևորելով մրցույթ-փառատոնի դերը ոչ միայն Գյումրիի, այլ ողջ հանրապետության համար՝ նա տեղեկացրեց, որ միջազգային մշակութային ասպարեզում փառատոնի հաջողության մասին խոսում են թվերը՝ մասնակիցների ու մասնակից երկրների ավելացումը: «Մասնակիցների թիվն ավելացել է ու էլի պետք է ավելանա, բացի այդ, ամեն տարի ավելանում են նաև մրցութային անվանակարգերը: Այս տարի փառատոնին մասնակցում են 36 երկիր՝ շուրջ 3 հազար երաժիշտ- կատարողներ, ինչը խոսում է փառատոնի հեղինակության, կազմակերպվածության ու հետաքրքրության մասին: Սա հանրապետության և Գյումրիի մշակութային կյանքում աշխուժություն է բերում»,-նշեց Լևոն Սարգսյանը: Մեր այն հացին, թե արդյոք ավելի ճիշտ չէ՞ փառատոնի փոխարեն աջակցել քաղաքի մշակութային կառույցներից մեկի հիմնանորոգմանը կամ համերգային դահլիճի կառուցմանը, Լևոն Սարգսյանը պատասխանեց, որ դա տեղական ինքնակառավարման մարմինների գործն է: «Շատ ավելի լավ կլիներ, որ Գյումրին ունենար համերգային դահլիճ, բայց դրա համար այլ հիմնադրամներ կամ բարերարներ պետք է փնտրել, թեև Գյումրու քաղաքապետը ևս խոստացավ, որ հաջորդ տարի փառատոնը կանցկացվի համերգային դահլիճում: «Վերածնունդը» ոչ պակաս կարևոր է, և «Փյունիկ»-ը կշարունակի աջակցել փառատոնին, այնքան, մինչեւ հասնենք այն մակարդակին, որ ամբողջ աշխարհում իմանան փառատոնի ու Գյումրու մասին՝ որպես փառատոնային կենտրոնի»,-ավելացրեց Լևոն Սարգսյանը: 2009-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը« Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը« Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը« «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն: Այն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Վերածնունդ» VII մրցույթ-փառատոնը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին:
 
Ամեն տարի անցկացվող երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոնը դարձել է Գյումրիի մշակութային այցեքարտը: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Փառատոնի շնորհիվ շատ երաժիշտ-կատարողներ գալիս են ոչ միայն մասնագիտական դաշտում մրցակցելու, այլ գալիս են արդեն բարեկամական երկիր, որտեղ կարող են շփվել ու նոր բարեկամներ ձեռք բերել: Ուրախ եմ նաև այն մասնագիտական դաշտի համար, որ ստեղծվում է այս օրերին: Իսկապես, փառատոնի օրերի շրջանակում Գյումրին փոխվում է: Կարծում եմ. «Վերածնունդ»-ը մեր անկախության տարիների լավագույն ձեռքբերումներից է, իսկ ամենակարևոր ձեռքբերումը փառատոնի անվանումն է՝ «Վերածնունդ»՝ անվանում, որ միգուցե առաջ ուրիշ իմաստ ուներ, այսօր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձեռք է բերում այլ իմաստ՝ իսկապես վերածնված ժողովուրդ և այդ վերածնունդն առավել շոշափում ենք գյումրեցի երեխաների տաղանդի մեջ, ինչին համոզվում ենք բոլոր ոլորտներում՝ երաժշտարավեստի, կերպարվեստի և այլն»,-նշեց Հասմիկ Պողոսյանը՝ վստահություն հայտնելով, որ այս տարի ևս, ինչպես նախկինում, գյումրեցի երեխաները լավագույն արդյունքները կգրանցեն փառատոնի շրջանակում: Խոսելով փառատոնի մեկ այլ՝ ճանաչողական նշանակության մասին, Հասմիկ Պողոսյանը փաստեց, որ չկա ուրիշ ծրագիր, որն այսքան մասնակիցներ բերեր հանրապետություն: «Պաշտոնապես կարող եմ ասել, որ չունենք այնպիսի ծրագիր, որ Հայաստան է բերում այսքան մասնակից դրսից, այսինքն՝ ծախսերը բավական լուրջ ծախսեր են, և եթե չլինի այն անհատների միավորումը, ովքեր միշտ ներկա են այս փառատոնին ու փառատոնի կողքին են կանգնած՝ այս փառատոնը տեղի չի ունենա: Հուսով եմ, ամեն տարի նրանց թիվը կավելանա»,-նշեց Հասմիկ Պողոսյանը
 
Արմենուհի Մխոյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58