Տպել
Նորություններ
Խաչքարի բացման արարողություն Ջրառատի համայնքում
22.04.2015
Ապրիլի 22-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Խաչքար հուշակոթողի բացման արարողություն տեղի ունեցավ մարզի Ախուրյանի նախկին տարածաշրջանի Ջրառատի /Չրախլի որը թարգմանաբար նշանակում է <<լույսով լի >>/ համայնքում: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետեր, հյուրեր ԶԼՄ ներկայացուցիչներ: Համայնքի ղեկավար Ահարոն Ոսկանյանի և համայնքի բնակիչների ուժերով բարեկարգվել և սրբատեղի է վերածվել գյուղի Համբարենց կոչվող տան տեղը, որտեղ թուրքերը 1920 թվականին գյուղի բնակիչներին լցրել են տան մեջ և այրել: Խաչքարի հովանավորներ են դարձել Ուկրաինայում բնակվող Ջրառատի բնակիչներ Յայլոյան եղբարների, ովքեր նույնպես մասնակցում էին միջոցառմանն իրենց ընտանիքի անդամների հետ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և Խաչքարի բացման կապակցությամբ շնորհավորեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, համայնքի ղեկավար Ահարոն Ոսկանյանը, բարերարը` Յուրա Յայլոյանը: Տերունական աղոթքից հետո, խաչքարի բացման պատիվը տրվեց Յայլոյանների ընտանիքի անդամներին:
Գյուղը հիմնվել է 1828 -1829 թթ Ալաշկերտի գյուղերից գաղթած բնակիչների կողմից : Գյուղի առաջին հիմնադիրը եղել է Ալաշկերտից գաղթած Մեսե անունով մի բնակիչ , որը ըստ տեղացիներին հասած ավանդության , բնակավայրի տեղը հավանել է որպես իր այծերի համար հարմար արոտավայր :
Գյուղի բնակիչները 1918 -1920 թթ , փորձ են արել զինված դիմադրություն ցույց տալ թուրքերին , սակայն անկարող են եղել մինչև վերջ դիմադրել : Թուրք բարբարոսները 1920թ Շիրակի դաշտավայրի բնակչության մի մասին և գյուղի բնակիչներին լցնելով Համբարենց տուն կոչվող շինության մեջ , կենդանի այրել են :