Նորություններ
Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներ Արթիկ քաղաքում
24.04.2015
Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներ տեղի ունեցավ նաև մարզի Արթիկ քաղաքում: Արթիկում միջոցառումները մեկնարկեցին համաքաղաքային աննախադեպ բազմամարդ երթով և ծաղիկների խոնարհմամբ Բարեկամության այգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի առջև: Արարողության ընթացքում մանկական 100-ձայնյա երգչախումբը կատարեց Կոմիտասի ստեղծագործությունների շարան:
Արթիկ քաղաքի Տ.Մանսուրյանի և Վ.Սամուելյանի մշակույթի կենտրոններում բացվեցին թեմատիկ ցուցահանդեսներ:
Եկեղեցական հիշատակի կարգից հետո` Ազատության հրապարակից մեկնարկեց արթիկցի երիտասարդների ջահերով երթը դեպի քաղաքի լանջին գտնվող Լմբատավանկ եկեղեցին, որտեղ վառվեց «կյանքի և պայքարի» մեծ խարույկը:
Տ.Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը նախաձեռնել էր հայկական կենցաղը և մշակույթը ներկայացնող ցուցանմուշների ցուցադրություն: Գեղարվեստի դպրոցի սաները ներկայացել էին թեմատիկ նկարներով և կարպետագործության նմուշներով: Կենտրոնում կայացավ նաև դպրոցի սաների կողմից պատրաստած առաջին գորգի կտրման արարողությունը: Մանկական երգչախումբը երաժշտական կատարումներով ամբողջացրեց միջոցառումը:
Միջոցառումը բազմամարդ էր. ներկա էին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Արթիկի ավագանու անդամներ, քաղաքում գործող պետական, համայնքային և մասնավոր կազմակերրպությունների աշխատակիցներ: