Նորություններ
Սիանի պատվիրակությունը Գյումրիում
08.06.2015
Հունիսի 8-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնական հանդիպում ունեցավ ,,Գյումրի-Սիան,, համաժողովի նպատակով Գյումրի ժամանած ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքի պատվիրակությանը, քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան տնտեսական և առևտրի հարցերով հյուպատոս Վանգ Շիցայը: Շիրակի մարզպետը ողջունելով հյուրերին, կարևորեց նման համագործակցությունը, առավել ևս, որ այն հիմք է հանդիսանալու երկու քաղաքների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելուն: Շիրակի մարզպետը հյուրերին ներկայացրեց մարզի և Գյումրու երբեմնի արդյունաբերական պոտենցիալի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն, որը ցավոք աղետալի երկրաշարժից հետո անկում ապրեց և վերականգնվում է շատ դանդաղ տեմպերով: Սիանի քաղաքապետը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց պարոն մարզպետին ջերմ ընդունելության համար, և հույս հայտնեց, որ նախատեսվող համաձայնագրի ստորագրումը նոր խոսք կլինի Հայ-Չինական արդեն իսկ կայացած համագործակցության շրջանակում: Սիանի քաղաքապետը և Շիրակի մարզպետը նվերներ փոխանակեցին ի նշան սկսվող նոր բարեկամական հարաբերությունների, որը վավերացվեց նույն օրը Գյումրու Հոկտեմբեր կ/թ-ում երկու քաղաքապետերի` Սամվել Բալասանյանի և Դոն Ցզյունի ստորագրությամբ: