Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրին կունենա ,,Օյունջյան,, արհեստների նոր կենտրոն

16.06.2015

 Հունիսի 16-ին Ամերիկահայ բարերար Հովհաննես /Ջոն/ Օյունջյանի նախաձեռնությամբ, արհեստավորների քաղաք Գյումրիում, տեղի ունեցավ «Օյունջյան» արհեստների կենտրոն»-ի հիմնարկեքի արարողությունը: Կենտրոնը կկառուցվի բարերարի աջակցությամբ կառուցված ««Վարդուհի» արվեստի դպրոց»- ի ու Գյումրիի թիվ 21 «Օյունջյան» վարժարանի հարևանությամբ: Կենտրոնի հիմնարկեքին ներկա էին Հովհաննես Օյունջյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Ջոն Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Սիմոն-Եզնիկ Բալյանը, «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը և այլ հյուրեր: «Այսօր սկսվում է կառուցումը մի հաստատության, որտեղ ուսուցանվելու են թե՛ հին ավանդական, թե՛ ժամանակակից արհեստներ: Դա հիմք է ստեղծում պահպանելու ու զարգացնելու Գյումրի քաղաքի և Արևմտյան Հայաստանի լավագույն արհեստագործական ավանդույթները: Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի տարում սա եղեռնից մազապուրծ ծնողների զավակի՝ Հովհաննես Օյունջյանի լավագույն նվերը կլինի մեր քաղաքին»,- նշեց «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը՝ ավելացնելով, որ այս կենտրոնը հատկապես կարևոր է Գյումրիի համար՝ մի քաղաքի, որն, 1860-ականներին ունենալով ավելի քան 16 հազար բնակիչ, ունեցել է 60 արհեստ, իսկ արհեստավորները միավորված էին շուրջ 4 տասնյակ համքարություններում: Բարերարին ուղղված իրենց շնորհակալական խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը՝ կարևորելով բարերարի ներդրումը հանուն Գյումրիի: Բարերարը ևս շնորհակալություն հայտնեց՝ այս անգամ Հայաստանի իշխանություններին՝ այն բանի համար, որ նրանք հնարավորություն տվեցին իրեն իրագործելու իր վաղեմի երազանքը՝ ուսումնական հաստատություն ստեղծել հայրենիքում և այն էլ՝ արհեստների ու արվեստի քաղաք Գյումրիում: «Մի հատիկ ցորենն այսօր արդեն ցանքի է վերածվել, հիմա էլ ուզում եմ, ստեղծելով այս կենտրոնը, պահպանել լավագույն ավանդույթներն այս քաղաքում»,- նշեց բարերարը:Մինչ կառույցի հիմնարկեքը, հիմքում տեղադրվեց պարկուճ՝ սերունդներին ուղղված ուղերձով: Մոտ 650 աշակերտի համար նախատեսված կառույցը, որի շինարարական աշխատանքների վերջնաժամկետը նշանակված է 2016 թվականի դեկտեմբերը, լինելու է եռահարկ, կապ կունենա հարևան արհեստի դպրոցի հետ: Ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2500 քառակուսի մետր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Կանակա» ԲԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հովիվյանը, կառույցը լինելու է արհեստի կենտրոնի «երկվորյակը»՝ ճիշտ կրկնապատկերը: «Այս կառույցը ևս եռահարկ է, շենքերը միմյանց հետ կապված են լինելու անցումով: Բարերարի գաղափարն է, որ ունենանք ՆյուՅորքի երկվորյակ շենքերի պես կառույցներ Գյումրիում: Կառույցը կից ունենալու է նաև հյուրատուն»,- նշեց Հայկ Հովիվյանը: Նրա խոսքով՝ շենքի շինարարությունը կսկսվի մի քանի օրից և կավարտվի 2016 թվականի դեկտեմբերի կեսերին: Արմենուհի Մխոյան

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22