Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն նախակրթարանների տնօրենների մասնակցությամբ

18.06.2015

 

Հունիսի 18-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզում գործող նախակրթարանների տնօրենների, առողջապահական հիմնարկների, ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի տնօրինության, Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի , մարզային և համայնքային կրթության վարչության և բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակցությունն անցկացրեց Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Խորհրդակցության հիմնական նպատակն էր նախակրթարանների տնօրեններին և ոլորտի պատասխանատուներին ներկայացնել ՀՀ ՏԿԱԻ նախարար պարոն Ա. Երիցյանի հանձնարարականը, նախադպրոցական հիմնարկներում աղիքային ինֆեկցիաների և սննդային թունավորումների դեպքերը կանխարգելու պահանջը, խստացնել հսկողությունը նախակրթական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների թիվ 2.2.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին 42-Ն հրամանների պահանջների կատարմանը: Նախարարի հանձնարարական միջոցառման մասնակիցների ներկայացնելուց հետո, ելույթներ ունեցան ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը, Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Կարինե Թաիրյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը անդրադարձավ մի շարք թերությունների և բացթողումների, որոնք ցավոք առկա են մարզում, հատկապես Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներում, որտեղ հարցն անմիջապես կապված է խմելու ջրի հետ: Շեղումներն ակնհայտ են, պարզապես միակ հուսադրող պահն այն է, որ երեխաները նախակրթարանում և տանը խմում են նույն ջուրը: Կենտրոնի տնօրեննն անդրադարձավ հատկապես սննդի ձեռք բերման գործընթացին, հորդորելով տնօրեններին ձեռք բերել միայն փաստաթղթերով սննդամթերք, և պահպանել հրամանում ամրագրված սննդամթերքի օգտագործումը, առանց նույնիսկ փոքր շեղման:  
Շիրակի մարզի 68 համայնքում գործում է 108 նախակրթարան, որտեղ աշխատում է 1013 մարդ, նախակրթարան է հաճախում 5692 երեխա: 108 նախակրթարաններից 50-ը ՀՕԱԿ-ներ են, որից 24-ը Գյումրիում, 2-ը Հայ Կաթողիկե եկեղեցու ենթակայության, մեկը Հայ Առաքելական եկեղեցու և մեկը` Մարալիկի համայնքային բյուջետային նախակրթարան: Մնացած 54 ՊՈԱԿ-ները դպրոցներում գործող դպրոցային նախակրթարաններն են: ՊՈԱԿ-ներից 8-ը գործում են Գյումրիում: 108 նախակրթարաններից 91-ը մշտական գործող են, 17-ը սեզոնային են, որոնք գործում են համայնքներում: Մշտապես գործող 91 նախակրթարանների 32-ըգործում են Գյումրիում:  205 երեխա հաճախում են հարևան համայնքների նախակրթարաններ:
Ստորև ներկայացնում ենք  ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի հանձնարարականը ,,Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների N2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին,, 42-Ն հրամանների պահանջների կատարման նկատմամբ
1.Նախադպրոցական հիմնարկներում աղիքային ինֆեկցիաների և սննդային թունավորումների դեպքերը կանխարգելելու նպատակով, խստացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի ,,Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին,, թիվ 857 և 2013 թվականի օգոստոսի 12-ի ,,Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների N2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին,, 42-Ն հրամանների պահանջների կատարման նկատմամբ:
2. Երեխաների ամենօրյա առավոտյան ընդունումը կատարել դաստիարակի կողմից, երեխայի առողջական վիճակի մասին ծնողների հարցմամբ: Զննել բկանցքը և մաշկը, չափել բոլոր երեխաների ջերմությունը: Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաներին չընդունել, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաներին հոսպիտալացնել:
3. Սննդի բլոկի բոլոր աշխատողներն ամեն օր պետք է զննվեն բուժքրոջ կողմից, իսկ արդյունքները գրանցվեն հատուկ մատյանում: Հիվանդ ու կասկածելի համախտանիշներով անձանձ չի թույլատրվում անցնել աշխատանքի:
4. Մարզային ենթակայության բժշկական հաստատությունների բուժանձնակազմի միջոցով պարբերաբար նախադպրոցական հաստատությունների սպասարկող անձնակազմի հետ իրականացնել ուսուցում՝ նախադպրոցական հաստատություններում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման միջոցառումների (հիվանդ երեխաների հայտնաբերում, մեկուսացում, կոնտակտավորների հսկողություն), տարածքների և գույքի մաքրման և ախտահանման, սննդային բլոկի սարքավորումների, մթերքի պահպանման և պատրաստման, երեխաների առողջ սննդի կազմակերպման, խոհարարական արտադրանքի պատրաստման պայմանների, սպասարկող անձնակազմի անձնական հիգիենայի, նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցման թեմաների շուրջ, պարբերաբար կազմակերպել խմելու ջրի, լվացուկների մանրէաբանական և կղանքի հելմինթոլոգիական հետազոտությունները, ինչպես նաև խիստ հսկողություն սահմանել «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003 թվականի N 347-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
5. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում արգելել ստորև նշված սննդամթերքը, ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակների պատրաստումը`
1)       1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և
սննդամթերք,
2)       2) բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքները ձու, ձուկ, կենդանիների միս, թռչուն ու
ենթամթերք` առանց խարանի (դրոշմի) և անասնաբույժի կողմից տրված վկայականի,
3)       3) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ
դեֆորմացված տարայով, առանց պիտակի,
4) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,
5) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
6) պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի
փոփոխմամբ) սննդամթերք,
7) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
8) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների
մնացորդներ,
9) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
10) մսի և ձկան դոնդողածածկ ճաշատեսակներ,պաշտետներ,
11) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,
12) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
13) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
14) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման)
ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,
15) մակարոն աղացած մսով, մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
16) աչքով-ձվածեղ,
17) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
18) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
19) երշիկեղեն,
20) թերխաշ և հում ձու,
21) պաղպաղակ, ժելե,
22) առանց մրգային միջուկի կարամել,
23) կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված
բլինչիկներ, չիպս ,
24) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր, սպրեդ,
25) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ
կծու համեմունքներ,
26) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ընպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ,
ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
27) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական
ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
28) գազավորված ըմպելիքներ,
29) պիստակ, գետնանուշ և այլն,
30) մաստակ,
31) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
6. Պատրաստի սննդամթերքը մատուցել միայն բուժաշխատողի կողմից համտեսելուց և խոտանիչ մատյանի մեջ գրանցելուց հետո, ճաշատեսակի որակի գնահատումից ու բաժանելու թույլատվություն տալուց հետո:
7. Նախադպրոցական հիմնարկներում սանիտարահիգենիկ և հակահամաճարակային ամենամսյա կատարված միջոցառումների վերաբերյալ զեկուցել մինչև հաջորդ ամսի 5-ը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58