Նորություններ
Մենք միշտ կսպասենք նրանց վերադարձին
29.06.2015
Հունիսի 29-ին Գյումրու զինվորական կոմիսարիատի հարևանությամբ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ հիմնադրված Ազատամարտի փառքի թանգարանի բակում տեղի ունեցավ անհետ կորածների հիշատակին նվիրված միջոցառում:
Հայաստանի Հանրապաեությունը պարտադրված պատերազմի արդյունքում ունեցավ ոչ միայն բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այլ արձանագրվեց նախադեպը չունեցող դաժան իրականություն` անհետ կորածներ: Հանրապետության ողջ տարածքում հաշվառված է շուրջ հազար անհետ կորած: Շիրակի մարզում հաշվառված են 12-ը: Արդեն 5-րդ տարին է Շիրակի մարզպետարանի, Կարմիր Խաչի Շիրակի մարզային կազմակերպության, Ազատամարտի Վետերանների միության աջակցությամբ կազմակերպվում է հուշցերեկույթ միջոցառում նվիրված անհետ կորածներին: Ազատամարտի վետերանների հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին Գյումրու Յոթ Վերք Սուրբ Աստվածածնա եկեղեցի մոմ վառելու իրենց զավակների և ամուսինների առողջության և հնարավոր վերադարձի նկատմամբ հույսն ու հավատը չկորցնելու համար: Մոմավառությունից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Կարմիր Խաչի Շիրակի մարզային կազմակերպության, որտեղ ծավալվեց ջերմ և մտերմիկ զրույց անհետ կորած ազատամարտիկների ծնողների հետ: Վերջիններս դրվագներ հիշեցին իրենց հարազատների աշխարհիկ կյանքից, անցած գնացած լավ օրերից, բաժակ բարձրացրեցին իրենց որդիների բարի վերադարձի համար, հաստատ համոզված լինելով, որ այդ օրն անպայման կգա: