Նորություններ
Մասնակցության գործընթաց Արթիկի քաղաքապետարանում
27.07.2015
Արթիկի քաղաքապետարանը նախաձեռնել է Մասնակցային գործընթաց` նպատակ ունենալով քաղաքի բնակիչների հետ քննարկել համայնքային նշանակության հետևյալ հարցերը` աղբահանություն և բազմաբնակարան շենքերի կառավարում:
Այս նպատակով քաղաքում անցկացվել է հեռախոսային սոցիոլոգիական հարցում, կազմակերպվելու են հանրային քննարկումներ բնակիչների հետ, եթեր է արձակվելու հեռուստատեսային հաղորդում:
Ցանկանալով բարձրացնել բակիչների իրազեկվածությունը նշված ոլորտներում` Արթիկի քաղաքապետարանի կողմից նաև պատրաստվել և բաժանվել են տեղեկատվական թռուցիկներ` տեղեկացնելու համար քաղաքի բնակիչներին իրենց իրավունքների և պարտականությունների, խնդիրների լուծման մեխանիզմների, դրանց պատասխանատուների և այլնի վերաբերյալ:
Նախաձեռնելով քաղաքում մասնակցային այս գործընթացը` Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը նշեց, որ բնակիչների մոտ անհրաժեշտ է ձևավորվել համոզմունք, որ իրենց ցանկությունը որոշիչ է:
Մասնակցային գործընթացն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող և Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում: