Նորություններ
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագիրը մեկնարկեց Շիրակում
31.07.2015
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի գործողություններին և միջոցառումներն ծանոթացնելու նպատակով հուլիսի 31ին Գյումրիում էին ՄԶՄԿ ներկայացուցիչները, ովքեր հանդիպում ունեցան մարզի հասարակական կառույցների, Շիրակի մարզպետարանի, մարզի գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի, դպրոցների, ինչպես նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի և Արթիկի թեմերի ներկայացուցիչների հետ:
Հղիության արհեստական, մասնավորապես, պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը (սելեկտիվ աբորտ)՝ ծանր հետևանքներ կունենա մեր ժողովրդի և երկրի համար: Խնդիրը բազմաշերտ է, բայց, հիմքում աղջիկների նկատմամբ տղա երեխաների ունեցած գերապատվությունն է մեր հասարակության մեջ, որի արդյունքում առաջ է գալիս ոչ միայն գենդերային կամ ժողովրդագրական, այլ ավելի վատ՝ ազգային անվտանգության խնդիրը: Հայաստանում տարեկան մոտ 2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն այն բանի համար, որ աղջիկ է: Վիճակագրությանը ցույց է տալիս, որ առաջին երեխայի դեպքում սեռի ընտրությունը փոքր տոկոս է կազմում, երկրորդից սկսած ՝ընտրության ցուցանիշները կտրուկ աճում են. որոշ մարզերում 100 աղջկա դիմաց ծնվում է 120 տղա, իսկ երրորդ հղիության պարագայում առկա է 100 աղջիկ/170 տղա հարաբերակցությունը: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը 2008 2010թթ. տատանվել է 1214 հազարի միջակայքում: 2011ին ՀՀ ում 43 հազար երեխա է ծնվել, որոնցից 23 հազար 160ը տղա են, մինչդեռ աղջիկները` 20 հազար 487: Փորձագետները զգուշանում են, որ այդպիսի տվյալները պայմանավորված են պտղի սեռով հղիության արհեստական ընդհատմամբ: Տղայապաշտությունը շատ շուտով, ըստ մասնագետների, կհանգեցնի լուրջ խնդրի և դրա դեմ պայքարի միջոցառումներ պետք է շուտափույթ իրականացնել: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), ևս 3 կազմակերպությունների հետ 2015 թվականի մայիսի 1ից, Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ, իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը՝ 2 տարի տևողությամբ: Ծրագիրը ներառում է բազմակի գործողություններ և երեք հիմնական ուղղություներ: Ինչպես տեղեկացրեց ՄԶՄԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, ծրագրի շրջանակներում առաջին գործողությունն իրականացվելու է մարզերում: Ծրագիրը, որն իրականացվելու է ողջ հանրապետությունում, հիմնական շեշտադրությամբ կիրականացվի մարզերում ու համայնքներում: «Մենք փորձելու ենք մարզերում ձևավորել մեզ օժանդակող և այս խնդրի դեմ պայքարող կարողություններ, որից հետո նմանատիպ կարողություններ կձևավորենք համայնքներում: Նախատեսում ենք շուրջ 25 համայնքներում իրականացնել լայն քարոզարշավ՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը: Այս ընթացքում կկիրառենք բազմաթիվ գործիքներ, որոնցից մեկը կլինի մարզային մեդիան: Բացի այդ, բնակչության առանձին խմբերի հետ կունենաք աշխատանք, և այս աշխատանքը լինելու է փոխհամաձայնեցում՝ փաստերի ներկայացում և այն ուղիների բացահայտում, որոնք կարող են ստիպել, որպեսզի մեր երկրում փոխվի հասարակական կարծիքը և վերաբերմունքը, ու մենք դառնանք եթե ոչ ավելի քիչ տղայապաշտ, ապա աղջկան ավելի շատ կարևորություն տվող: Իսկ երրորդ գործողությունը միտված կլինի ռազմավարական ծրագրերի մշակմանը: Սա լուրջ խնդիր է, որի համար պետք է հասարակական ողջ ներուժը հավաքագրվի», նշեց Արմեն Գալստյանը: Ի դեպ, ինչպես հանդիպման ընթացքում նշեցին ծրագրի հեղինակները, եկեղեցին հենց այն կառույցն է, որը կարող է լուրջ դեր ու ազդեցություն ունենալ ընտանիքների վրա՝ այս հարցի շուրջ: «Ընդհանուր առմամբ, Հայ Առաքելակյան եկեղեցին ոչ միայն պտղի սեռով պայմանավորված, այլ, ընդհանրապես դեմ է հղիության արհեստական ընդհատումներին՝ դա քրիստոնեության կյանքի կենցաղավարությանը դեմ է», ընդգծեց Տեր Նշան քահանա Պանֆյորովը: Հնարավոր է ընդունել հղիության ընթացքում երեխայի պտղի սեռը որոշելը արգելող օրենք, բայց դրա արդյունավետ գործունեությունը, տարբեր պատճառներով, իրատեսական չի կարելի համարել: «Երեխայի իրավունքերի մասին ՀՀ օրենքով՝ երեխան իրավունքներ է ձեռք բերում ծնված պահից: Կան այլ երկրներ, որտեղ երեխայի իրավունքները ներարգանդային պահից են սահմանվում: Այս դեպքում, սեռի հատկանիշով պայմանավորված խտրական ընտրությունն ու արհեստական ընդհատումը երեխայի իրավունքների ոտնահարում է: Կան երկրներ, որտեղ արգելված է երեխայի պտղի սեռի որոշումը հղիության ընթացքում: Այդպիսի իրավական որոշում կարելի է կատարել, բայց, հաշվի առնելով այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են ժամ առ ժամ, սա դժվար արդյունքի կբերի՝ նույնիսկ հնարավոր կլինի մի քանի տարի հետո պտղի սեռը որոշել բջջային հեռախոսով: Այս պարագայում հենց այս ծրագրի հիմնական ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իրականացվելու է հանրապետության մարզերում, որի նպատակն այն է, որ հասարակության լայն շերտերի մոտ իրազեկվածության բարձրացման ճանապարհով հնարավոր է հասնել այս երևույթի կանխարգելմանը, որը մեծ վտանգ է ներկայացնում հասարակության համար, նույնիսկ՝ ազգային անվտանգության», նշեց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքերի պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը:
Արմենուհի Մխոյան