Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագիրը մեկնարկեց Շիրակում

31.07.2015

 «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի գործողություններին և միջոցառումներն ծանոթացնելու նպատակով հուլիսի 31­ին Գյումրիում էին ՄԶՄԿ ներկայացուցիչները, ովքեր հանդիպում ունեցան մարզի հասարակական կառույցների, Շիրակի մարզպետարանի, մարզի գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի, դպրոցների, ինչպես նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի և Արթիկի թեմերի ներկայացուցիչների հետ:

Հղիության արհեստական, մասնավորապես, պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը (սելեկտիվ աբորտ)՝ ծանր հետևանքներ կունենա մեր ժողովրդի և երկրի համար: Խնդիրը բազմաշերտ է, բայց, հիմքում աղջիկների նկատմամբ տղա երեխաների ունեցած գերապատվությունն է մեր հասարակության մեջ, որի արդյունքում առաջ է գալիս ոչ միայն գենդերային կամ ժողովրդագրական, այլ ավելի վատ՝ ազգային անվտանգության խնդիրը: Հայաստանում տարեկան մոտ 2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն այն բանի համար, որ աղջիկ է: Վիճակագրությանը ցույց է տալիս, որ առաջին երեխայի դեպքում սեռի ընտրությունը փոքր տոկոս է կազմում, երկրորդից սկսած ՝ընտրության ցուցանիշները կտրուկ աճում են. որոշ մարզերում 100 աղջկա դիմաց ծնվում է 120 տղա, իսկ երրորդ հղիության պարագայում առկա է 100 աղջիկ/170 տղա հարաբերակցությունը: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը 2008­ 2010թթ. տատանվել է 12­14 հազարի միջակայքում: 2011­ին ՀՀ­ ում 43 հազար երեխա է ծնվել, որոնցից 23 հազար 160­ը տղա են, մինչդեռ աղջիկները` 20 հազար 487: Փորձագետները զգուշանում են, որ այդպիսի տվյալները պայմանավորված են պտղի սեռով հղիության արհեստական ընդհատմամբ: Տղայապաշտությունը շատ շուտով, ըստ մասնագետների, կհանգեցնի լուրջ խնդրի և դրա դեմ պայքարի միջոցառումներ պետք է շուտափույթ իրականացնել: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), ևս 3 կազմակերպությունների հետ 2015 թվականի մայիսի 1­ից, Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ, իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը՝ 2 տարի տևողությամբ: Ծրագիրը ներառում է բազմակի գործողություններ և երեք հիմնական ուղղություներ: Ինչպես տեղեկացրեց ՄԶՄԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, ծրագրի շրջանակներում առաջին գործողությունն իրականացվելու է մարզերում: Ծրագիրը, որն իրականացվելու է ողջ հանրապետությունում, հիմնական շեշտադրությամբ կիրականացվի մարզերում ու համայնքներում: «Մենք փորձելու ենք մարզերում ձևավորել մեզ օժանդակող և այս խնդրի դեմ պայքարող կարողություններ, որից հետո նմանատիպ կարողություններ կձևավորենք համայնքներում: Նախատեսում ենք շուրջ 25 համայնքներում իրականացնել լայն քարոզարշավ՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը: Այս ընթացքում կկիրառենք բազմաթիվ գործիքներ, որոնցից մեկը կլինի մարզային մեդիան: Բացի այդ, բնակչության առանձին խմբերի հետ կունենաք աշխատանք, և այս աշխատանքը լինելու է փոխհամաձայնեցում՝ փաստերի ներկայացում և այն ուղիների բացահայտում, որոնք կարող են ստիպել, որպեսզի մեր երկրում փոխվի հասարակական կարծիքը և վերաբերմունքը, ու մենք դառնանք եթե ոչ ավելի քիչ տղայապաշտ, ապա աղջկան ավելի շատ կարևորություն տվող: Իսկ երրորդ գործողությունը միտված կլինի ռազմավարական ծրագրերի մշակմանը: Սա լուրջ խնդիր է, որի համար պետք է հասարակական ողջ ներուժը հավաքագրվի», ­նշեց Արմեն Գալստյանը: Ի դեպ, ինչպես հանդիպման ընթացքում նշեցին ծրագրի հեղինակները, եկեղեցին հենց այն կառույցն է, որը կարող է լուրջ դեր ու ազդեցություն ունենալ ընտանիքների վրա՝ այս հարցի շուրջ: «Ընդհանուր առմամբ, Հայ Առաքելակյան եկեղեցին ոչ միայն պտղի սեռով պայմանավորված, այլ, ընդհանրապես դեմ է հղիության արհեստական ընդհատումներին՝ դա քրիստոնեության կյանքի կենցաղավարությանը դեմ է»,­ ընդգծեց Տեր Նշան քահանա Պանֆյորովը: Հնարավոր է ընդունել հղիության ընթացքում երեխայի պտղի սեռը որոշելը արգելող օրենք, բայց դրա արդյունավետ գործունեությունը, տարբեր պատճառներով, իրատեսական չի կարելի համարել: «Երեխայի իրավունքերի մասին ՀՀ օրենքով՝ երեխան իրավունքներ է ձեռք բերում ծնված պահից: Կան այլ երկրներ, որտեղ երեխայի իրավունքները ներարգանդային պահից են սահմանվում: Այս դեպքում, սեռի հատկանիշով պայմանավորված խտրական ընտրությունն ու արհեստական ընդհատումը երեխայի իրավունքների ոտնահարում է: Կան երկրներ, որտեղ արգելված է երեխայի պտղի սեռի որոշումը հղիության ընթացքում: Այդպիսի իրավական որոշում կարելի է կատարել, բայց, հաշվի առնելով այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են ժամ առ ժամ, սա դժվար արդյունքի կբերի՝ նույնիսկ հնարավոր կլինի մի քանի տարի հետո պտղի սեռը որոշել բջջային հեռախոսով: Այս պարագայում հենց այս ծրագրի հիմնական ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իրականացվելու է հանրապետության մարզերում, որի  նպատակն այն է, որ հասարակության լայն շերտերի մոտ իրազեկվածության բարձրացման ճանապարհով հնարավոր է հասնել այս երևույթի կանխարգելմանը, որը մեծ վտանգ է ներկայացնում հասարակության համար, նույնիսկ՝ ազգային անվտանգության»,­ նշեց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքերի պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը:

Արմենուհի Մխոյան

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58