2015 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաք մեկնեց Շիրակի մարզի պատվիրակությունը, ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված <<Շիրակ-Ջավախք>> մշակութային օր միջոցառման շրջանակում, որի կազմում էին ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները` մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանի գլխավորությամբ, Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և Գյումրու Հայորդաց տան <<ACCOLADA>> երիտասարդական կամերային նվագախմբի երաժիշտները:Միջոցառման գլխավոր նպատակը Ջավախքում հայապահպանությանը, մայրենի լեզվի և մշակույթի պահպանմանը խթանող ծրագրերի իրականացումն էր, ինչպես նաև Շիրակ-Ջավախք մշակութային կապերի էլ ավելի ամրապնդումն ու խորացումն է: Շիրակի մարզի պատվիրակության անդամներին ընդունեց Ախալքալակիի վարչատարածքի սակռեբուլոյի նախագահ Համլետ Մովսեսյանը: Պատվիրակության անդամները այցելեցին Ախալքալակիի արվեստի և երաժշտական դպրոցներ, գավառագիտական թանգարան ու գրադարան, ինչպես նաև Ախալքալակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարան: Այցելած բոլոր կազմակերպություններին նվիրաբերվեցին հուշանվերներ, ինչպես նաև երաժշտական, մասնագիտական և գիտաճանաչողական գրականություն:Երեկոյան Ախալքալակիի մշակույթի տանը կայացավ ջավախահայության համար այնքան սպասված շիրակյան համույթների՝ Գյումրու Ժողովրդական գործիքների և Գյումրու Հայորդաց տան <<ACCOLADA>> երիտասարդական կամերային նվագախմբերի համերգը: Դահլիճում հավաքվածները հոտնկայս, երկարատև ծափողջույններով կարծես իրենց կարոտի խոսքն ու շնորհակալության էին հայտնում մեր երաժիշտներին: Այդպես էլ ուրախ ողջագուրվելով բաժանվեցին մինչև հաջորդ տարի, մինչև նոր <<Շիրակ-Ջավախք>> մշակութային օր հանդիպում: