Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն մարզային ոստիկանապետի մասնակցությամբ
28.08.2015
Օգոստոսի 28-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի աշխատասենյակում տեղի ունեցավ խորհրդակցություն Գյումրու շուրջ երկու տասնյակ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Ամիրխանյանը: Ինչպես տեղեկացրեց մարզային ոստիկանապետը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ, բոլոր մարզային ոստիկանապետերը պետք է իրականացնեն նմանատիպ հանդիպումներ, որոնց հիմնական նպատակը կայանում է դպրոց, ծնող, ոստիկան համագործակցության լիարժեք իրականացմանն ու ամրապնդմանը: Լինելով նորանշանակ վարչության պետ, պարոն Ամիրխանյանը շատ լավ տիրապետում էր Գյումրիում, և ընդհանրապես մարզում ձևավորված դպրոց-ոստիկան հարաբերությանը, ինչի համար նախ իր գոհունակությունը հայտնեց ծավալված լավ հարաբերությունների համար և հորդորեց այն չթուլացնել, ավելի խորացնել, ի շահ մեր իսկ երեխաների, քանի որ վերջիններս մեր վաղվա քաղաքացիներն են, ովքեր գալու են մեզ փոխարինելու: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ևս անդրադառնալով խնդրին կարևորեց մեկ հանգամանք, խուսափել մեղմ ասած գործ տվողի կարգավիճակում հայտնվելուց և իրականացնել ցանկացած աշխատանք, հատկապես դժվար երեխաների հետ խնդիրները ճիշտ լուծելու ուղղությամբ: Չզլանալ, աշխատել մինչև վերջ, եթե ինչ որ բան չի ստացվի, նոր դիմել ոստիկանության օգնությանը: Ոստիկանապետն էլ իր հերթին հավաստիացրեց, որ տարվող և ոչ մի անհատական աշխատանք, չի ստանա հնչեղություն, երեխայի և վերջինիս ծնողի շահերից բխելով, բայց կլինի շատ լուրջ և հետևողական աշխատանք նման երեխաների և նրանց ընտանիքների հետ: Խորհրդակցության մասնակից մի քանի տնօրեններ ներկայացրեցին որոշակի խնդիրներ, կապված թաղամասերի, նրանցում բնակվող որոշ երեխաների վերաբերյալ, ովքեր, իրոք համարվում են դժվար երեխաներ և ունեն անընդհատ հետևելու կարիք, բայց անընդհատ հետևելն էլ կարող է վնասել երեխայի հետ տարվող աշխատանքին: Չհամաձայնվելով բերված փաստարկներին, մարզային ոստիկանապետը հավաստիացրեց, ,,չկա դժվար երեխա, հետևողական յուրաքանչյուր աշխատանք, տալու է իր դրական արդյունքը, թեկուզ շատ փոքր, եթե արդյունք չկա, ուրեմն նման մարդու տեղն այլևս հասրակության մեջ չէ,,: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական հանդիպման վերաբերյալ, արդեն ավագ դպրոցների տնօրենների հետ, որտեղ հարցը մի փոքր այլ է, և նույնպես պահանջում է հետևողական աշխատանք: