Նորություններ
Շիրակն արժանացավ ,,Մշակութային վերածնունդ,, Համահայկական փառատոնի ,,Ամենամշակութային մարզ,, պատվոգրին
29.08.2015
Օգոստոսի 29-ին Դիլիջանում մեկնարկեց ավանդական դարձած ,,Մշակութային վերածնունդ,, Համահայկական փառատոնը, որին այս տարի կրկին մասնակցում էին մեծ թվով ներկայացուցիչներ Սփյուռքից, Արցախից և ՀՀ բոլոր մարզերից: Փառատոնին իր մասնակցությունն էր բերել նաև Շիրակի մարզի պատվիրակությունը, կազմված քառասուն հոգանոց խմբից, որը ղեկավարում էր ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Շիրակի մարզը ներկայացնում էին` մարզկենտրոն Գյումրու Գեղագիտական կենտրոնի, Արթիկի քաղաքապետարանի մշակույթի տան և Մարալիկի արվեստի դպրոցի սաների աշխատանքները: Մեր մարզի տաղավարում ցուցադրությունն ուղեկցվում էր ,,Ժողովրդական նվագարաններ.. համույթի և երգիչ Մուրադ Մալխասյանի կատարումներով: Նախապես պլանավորված Դիլիջանի կենտրոնական այգու փոխարեն, փառատոնն անցկացվեց քաղաքի Կոմպոզիտորների տանը, որի լայնարձակ ճեմասրահը բաժանվել էր մարզերի միջև: Մեր մարզը գովազդող ցուցանակներն այցելուներին հրավիրում էին Շիրակի մարզի տաղավար: Շիրակն այս տարի ևս հանդես եկավ իրեն բնորոշ համ ու հոտով, հյուրընկալությամբ: Ինչի վառ ապացույցն էր մուտքի մոտ այցելուներին դիմավորղ կինն ու տղամարդը` հայկական ավանդական տարազով, ձեռքներին գաթա, ովքեր առաջարկում էին համտեսելու Շիրակ աշխարհի բարիքնեըը: Տաղավարի կենտրոնում ցուցադրված էին Գյումրու գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի ձեռքով պատրաստված ինքնատիպ գորգերը, կարպետները, նկարները: Իսկ աջ և ձախ կողմերում Արթիկ և Մարալիկ քաղաքներից ներկայացված աշխատանքներն էին: Ինչպես նշեց ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսհանը. ,,Հատկապես Արթիկը փայլեց կավագործության մեջ, հավաքածուն շատ մեծ էր, կավե ամանները լցված էին հայկական ավանդական ուտեստներով..: Մարալիկի Արվեստի դպրոցը ներկայացավ ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ: Ներկայացված աշխատանքների ցուցադրությունից հետո տեղի ունեցավ հանդիսավոր մաս, որին ևս Շիրակի մարզից մասնակցում էին երգիչ Մուրադ Մալխասյանը, դուդուկահարների եռյակը և Գեղագիտական կենտրոնի ,,Սայաթ –Նովա.. պարային համույթը: Գեղատեսիլ Դիլիջանից Շիրակի մարզի պատվիրակությունը վերադարձավ ,,Ամենամշակութային մարզ,, պատվոգրով: Հավելենք, որ մոտակա օրերին Շիրակի մարզպետը լավագույն մասնակցության համար շնորհակալագրեր կհանձնի Մարալիկի արվեստի դպրոցի, Արթիկի քաղաքապետարանին և Գյումրու Գեղագիտական կենտրոնի լավագույն ճանաչված աշխատանքների հեղինակներին::