Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ «Մինասի գույներով» 4-րդ միջազգային պլեները

30.08.2015

  «Մինասի գույներով» խորագրով միջոցառումն այս տարի կրկին Շիրակում համախմբել է երիտասարդ նկարիչներին: Արդեն չորրորդ անգամ անցկացվող երիտասարդ նկարիչների պլեներ­ միջազգային հավաքն այս անգամ ևս կազմակերպվել է Թորոսգյուղի «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում: Առաջին պլեներից սկսած` երիտասարդ նկարիչների հավաքը նվիրված է Մինասին: Այս ընթացքում՝ օգոստոսի 27-­30­ը, երիտասարդ նկարիչները ստեղծագործում են Մինասի հողում՝ ոգեշնչվելով հենց Մինասի գույներով: Դա ունի խորհուրդ և դարձել է սկզբունք պլեների անցկացման համար: Պլեները մեկնարկեց շքերթով, ապա, ինչպես միշտ, հնչեցին պլեների հիմնը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի ողջույնի խոսքը: Ի դեպ, պլեների բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայագրեր, իսկ ամենաակտիվները` պատվոգրեր: Կազմակերպվեց նաև այս ընթացքում երիտասարդ նկարիչների ստեղծած լավագույն նկարների ցուցադրություն, իսկ վերջում բոլորը միասին իրենց երևակայությանն արդյունքները հանձնեցին նույն կտավին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետարանի եւ «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության կողմից: Պլեների շրջանակներում հանրապետության բոլոր մարզերից և արտերկրից ժամանած երիտասարդ նկարիչներն ակտիվ հանգիստը համատեղում են վարպետության դասերով և հետաքրքիր հանդիպումներով: Նախագծի նպատակն է ՀՀ եւ այլ երկրների երիտասարդ արվեստագետների միջև միջմշակութային համագործակցության հարթակ ստեղծելը՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության եւ տարածաշրջանում կայունության եւ ապահովման երաշխիք: «Այս անգամ պլեները նվիրված է Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին և կրում է «Վերածնված Հայաստանի արվեստագետները» խորագիրը: Այս միջոցառումն իր հերթին նվիրված է նաև Մարտիրոս Սարյանի ծննդյան 135 ­ամյակին և Մինաս Ավետիսյանի մահվան 40­րդ տարելիցին: Պլեները համախմբել է 45 երիտասարդ արվեստագենտների՝ ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից և ՌԴ-­ից: ,,Պլեների ձևաչափը նույնն է՝ էքրսկուրսիաներ, ճանաչողական այցեր. փորձելու ենք ավելի շատ շեշտը դնել վարպետության դասերի վրա՝ հնարավորինս ավելի շատ փորձառու մասնագետներ ներգրավելով: Երիտասարդները հնարավորություն կունենան այս ընթացքում նկարելու Շիրակի բնությունը, պատմական ու մշակութային հուշարձանները՝ շիրակյան գույներով,, -նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հարությունյանը՝ հավելելով, որ տարեցտարի ավելանում է պլեներին մասնակցելու ցանկություն հայտնած նկարիչների թիվը: Այս տարի ծրագրին մասնակցում է 16-­30 տարեկան 45 երիտասարդ նկարիչ՝ ՀՀ բոլոր մարզերից, քաղաքամայր Երևանից, Արցախից, Ջավախքից եւ ՌԴ­-ից:

Արմենուհի Մխոյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26